Ալիք մեդիան վերահրապարակում է «Հարավային Կովկասի արգելված թեմաներ» նախագծի շրջանակներում epress.am կայքի հեղինակած հոդվածը:
Հեղինակներ` Էդիտա Բադասյան (Վրաստան), Գայանե Մկրտչյան (Հայաստան), Գյունել Մովլուդ (Ադրբեջան)
Ամառն արձակուրդների, ճանապարհորդությունների և հանդիպումների շրջան է: Ընտանեկան հանգստի շրջանը: Պուրակներում, սրճարաններում, փողոցներում կարելի տեսնել իրենց երեխաների հետ զբոսնող մայրիկ-հայրիկների: Կողքից ամեն ինչ ընտանեկան հովվերգության տեսք ունի, սակայն շատերի համար տարվա ընթացքում մեկ ամիսը կամ մեկ-երկու շաբաթը այն միակ ժամանակն է, որը նրանք կարող են անցկացնել երեխաների հետ: Արտերկրում աշխատող և տարիներով բացակայող հայրերն ու մայրերը բնորոշ են Հարավային Կովկասին: Այս երևույթի և դրա հետևանքների մասին դժկամորեն են խոսում: Չէ՞ որ երկարատև աշխատանքային միգրացիան հաճախ բերում է ընտանիքների, բարեկամական կապերի քայքայման և միգրանտների երկակի ապրելակերպին: Հարավային Կովկասից մի խումբ լրագրողներ փորձել են գտնել աշխատանքային միգրացիային վերաբերող հրատապ հարցերի պատասխանները:
Սկայպի «հոգածությանը» մնացած ընտանիքներ
Անահիտ. «Ամուսինս համբուրում էր էկրանը. էսպես էր փորձում իր ջերմությունը հաղորդել…» Արամն իր 10-ամյակը նշում էր մոր`Անահիտի և քույրիկի հետ: Դե, նաև հայրիկի հետ, որն աշխատում է Մոսկվայում: Սկայպով… Նրա մայրը` Անահիտը, պատմում է, թե ինչպես են ծնունդը նշել. «Երեխան փչեց մոմերը, սալյուտները հանգեցին: Մենք էլ էկրանի էս ու էն կողմերից սկսեցինք ծափ տալ ու շնորհավորել Արամին: Ամուսինս՝ Վահրամը, էկրանն էր համբուրում: Էնքան էր ուզում Արամին գրկել, իր ջերմությունն ու սերը նրան փոխանցել: Իսկ փոքր աղջիկս շարունակ լացում էր ու հորը խնդրում, որ դուրս գա էկրանի միջից ու տուն գա…» Անահիտն ասում է, որ իրենց թաղամասում տղամարդ չկա, մնացել են միայն կանայք ու երեխաները: Ամուսինները տուն կգան միայն նոր տարվա նախօրեին, իսկ երեք ամիս անց նորից կբռնեն Ռուսաստանի ճանապարհը:
Նատա. «Ուրիշ ճար չկար»
Նատայի և Վախթանգի վրացական ընտանիքում ամեն ինչ անհամեմատ դժվար է: Անգլերենի նախկին ուսուցչուհի 34-ամյա Նատան և ամուսինը ամբողջ տարի սպասում են ամռանը` իրենց դպրոցական որդու հետ հանդիպելու համար: Նատան ու ամուսինն ապրում են Իսրայելում, զբաղվում ընտանեկան և վրացական խոհանոցի կազմակերպմամբ` քեյթերինգով: Իսկ որդին տատիկ-պապիկի հետ ապրում է Վրաստանում: «Մենք մեր տունը չունեինք: Վարձելը թանկ էր, էդքան եկամուտ չունեինք: Իսկ ծնողների հետ ապրելու հարցը նույնիսկ քննարկման ենթակա չէր: Նրանք հենց սկզբից դեմ էին մեր ամուսնությանը և հրաժարվում էին մեզ օգնելուց: Համ ֆինանսական առումով, համ էլ` բնակարանի: Վրաստանում հնարավորություն չկար կարգին աշխատանքի տեղավորվելու: Դպրոցում կոպեկներ են վճարում, ոչ մի ծանոթություն-կապեր չունեինք, որ օգնեին լավ աշխատանքի տեղավորվելու»,- պատմում է Նատան: Այսպես` արդեն 8 տարի շարունակ: Սկզբում, Նատայի խոսքով, որդին իրենց հետ էր, բայց արդեն 5 տարի է`ապրում է Վրաստանում դպրոց գնալու համար:
«Մենք ուզում էինք, որ որդիս սկզբում Վրաստանում սովորեր, և հետագայում լեզվի ու հարմարվելու խնդիրներ չլինեին: Տղայիս հետ ամեն օր ենք խոսում: Իրար ենք զանգում վոթսափով կամ վայբերով: Սկայպով` շաբաթը 2-3 անգամ: Վրաստան տարվա մեջ 2-3 անգամ եմ գալիս: Ամբողջ ամառն անցկացնում եմ էստեղ նրանց հետ: Ահավոր կարոտում ենք»: Նրա գրեթե բոլոր հարազատները 90-ական թվականներին մեկնել են Իսրայել գումար վաստակելու: Նատան ասում է, որ ամուսնու հետ պատրաստվում են Իսրայելում առավելագույնը դեռ 3-4 տարի էլ ապրել:
«Այս ամբողջ իրավիճակի հետևանքով անարդարության զգացում է մնում: Երբ տեսնում ես ընտանիքներ, որտեղ բոլորն իրար թիկունք են կանգնում, և նրանք կարիք չունեն երեխաների ապագան ինչ-որ կերպ ապահովելու համար դեպի անհայտություն մեկնել: Սակայն էս մեր ընտրությունն է: Մենք դրա համար չենք զղջում, որովհետև ուրիշ ճար չկա: Իհարկե, պատրաստվում ենք Վրաստան վերադառնալ ապրելու: Իմ և իմ ընտանիքի համար ես ապրելու ավելի լավ երկիր չեմ տեսնում: Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին կկարողանամ դա անել»:
Անի. «Ամուսինս երեխաների հետ չի շփվում, նրանց առաջին քայլերը չի տեսնում…»
30-ամյա Անի Մանուկյանի հայացքում սպասում ու թախիծ կա: Գրկին մեկ տարեկան աղջիկն է՝ Ռիման, ով ժպտում է, ու ձեռքերը լայն բացած փարվում մոր պարանոցին: Անին ապրում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում: Ամուսնացած է արդեն տասը տարի: Սակայն եթե հաշվի առնենք ամուսնու կանոնավոր բացակայությունը, ստացվում է՝ հինգ տարի: Խոստովանում է` կարոտում է ամուսնուն, ում հետ ընդամենը տարվա մեջ երեք ամիս է ապրում, նեղվում է նրա անդադար բացակայությունից: Նրանք երեք երեխա ունեն, և նա, փաստորեն, երեխաներին միայնակ է դաստիարակում: «Անընդհատ սպասում ենք: Գիտենք, որ մարտին գնաց, նոյեմբերին կգա: Անցյալ տարի նոյեմբերին եմ Ռիմային ունեցել, բայց ամուսինս միայն երեք ամիս տեսավ մեր աղջկան: Նա չի տեսնում իր երեխաներին, չի շփվում նրանց հետ, չի տեսնում նրանց առաջին քայլերը, չի լսում նրանց առաջին բառերը: Մենք հեռացել ենք մեկս մյուսից, մնացել սկայպի հույսին: Միակ հուսադրողն էն է, որ սաղ գյուղն է էս օրին: Համարյա բոլոր երիտասարդ ընտանիքների ամուսինները դրսում են»,- հուզված պատմում է երեք երեխաների մայրը:
Նարմինա․ «Ժամանակի ընթացքում նա երեխեքի համար օտար է դարձել…»
Նարմինան (Ադրբեջան) արդեն 55 տարեկան է: Վերջերս ամուսնացրել է իր 30-ամյա որդուն: Իսկ աղջկան ամուսնացրել է 5 տարի առաջ: Նարմինան ասում է, որ երբ ամուսինը գնաց Ուկրաինա փող աշխատելու, երեխաները դեռ մանկապարտեզ էին գնում: Արդեն մոտ 30 տարի Նարմինան և երեխաները տեսնում են ընտանիքի հորը տարին մեկ անգամ: «Առաջին տարիներին մենք երեխաներով անհամբեր սպասում էինք նրա գալուն: Ամեն ինչ պատրաստում էինք ամռան համար, երբ նա գալու էր: Ժամանակի ընթացքում նա երեխաների համար դարձավ գրեթե օտար մարդ: Իսկ ես… ես ի՞նչ կարող եմ անել: Էն ժամանակ էրեխեքին էր փող պետք, իսկ հիմա` նաև թոռներին… Ես էնքան ջահել էի, երբ նա Ուկրաինա գնաց: Հիմա արդեն տատիկ եմ: Մեկ-մեկ նույնիսկ դառը ծիծաղում եմ, որ Ուկրաինայում երեք-չորս նախագահներ են փոխել, իսկ ամուսինս դեռ էնտեղ է…»
Վիճակագրություն և իրականություն
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության զեկույցների համաձայն` ամեն տարի ավելի քան 10 հազար Վրաստանի քաղաքացի մեկնում է երկրից: Այս վիճակագրությունը ցույց չի տալիս` մեկնում են փո՞ղ աշխատելու, թե՞ մշտական բնակության: Հատկապես, ԽՍՀՄ փլուզումից հետո շատ տարածված է դարձել կանանց աշխատանքային միգրացիան: Կանայք մեկնում էին Ռուսաստան, Թուրքիա, Հունաստան, Իտալիա և ԱՄՆ: Հիմնական խնդիրն այն էր, որ կարճ ժամկետով վիզա էին ստանում, իսկ հետո երկրներում մնում անօրինական հիմունքներով:
Եվ այստեղից էլ սկսվում էր ընտանիքից երկար բաժանումը: Հայաստանում չկա հատուկ վիճակագրություն, որը ցույց կտա աշխատանքային միգրանտների թիվը արտերկրում: Գոյություն ունեն միայն անուղղակի աղբյուրներ, ինչպես, օրինակ` սահմանահատումները, որոնք ամբողջությամբ չեն արտացոլում միգրացիան: Սակայն կառավարության աջակցությամբ անցկացված որոշ հետազոտություններում խոսվում է գրեթե մեկուկես միլիոն մարդու մասին, ովքեր Հայաստանի անկախության հռչակումից ի վեր մեկնել են երկրից ու այլևս չեն վերադարձել:
Այդ քաղաքացիների գրեթե կեսը կազմում են արտագնա աշխատողները, այսինքն` շուրջ 750 հազար մարդ: Միգրանտների 95 տոկոսը մեկնում է Ռուսաստան: Այդպիսի ակտիվ աշխատանքային միգրացիա ձևավորվել է Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ սոցիալ-տնտեսական խնդիրները բախեցին գրեթե բոլոր հայկական ընտանիքների դռները: Սոցիոլոգ Ռուբեն Եգանյանը նշում է, որ խորհրդային տարիներին նույնպես Հայաստանում աշխատանքային միգրացիա գոյություն ուներ (տարեկան 30-40 հազար սեզոնային աշխատանքային միգրանտներ), սակայն հիմնականում մեկնում էին բարձրլեռնային շրջանների բնակիչներ:
«Այն ժամանակ միգրացիան բարգավաճման ռազմավարություն ուներ, այսօր` ընդամենը գոյատևման: Եվ իրոք, դա միակ ռացիոնալ ճանապարհն է, որով մարդիկ կարող են գոյատևել: Այսօր միայն սեզոնային միգրանտների թիվը կազմում է 80-100 հազար: Դրա մոտավորապես 85 տոկոսը տղամարդիկ են, և միայն 15 տոկոսը` կանայք: Ընդ որում, աշխատանքային միգրանտների գերակշիռ մասը կազմում են երիտասարդները: Հայաստանի հիմնական միգրացիոն գործընկերը Ռուսաստանն է, որտեղ մեկնում է մեր աշխատանքային միգրանտների 95 տոկոսից ավելին»,- նշում է Եգանյանը:
Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2015 թ. 1600 աշխատանքային միգրանտներ են հեռացել Ադրբեջանից: Իսկ 2016-ին այդ թիվը նվազել է մինչև 238: Սակայն Ադրբեջանի միգրացիոն կենտրոնի տնօրեն
Ալովսեթ Ալիևն այս թվերին թերահավատորեն է վերաբերվում: Երկրում չկա համակարգ, որը կվարի երկրից գումար վաստակելու նպատակով մեկնող կամ ընդհանրապես երկրից հեռացող մարդկանց հաշվառումը: «Այդ իսկ պատճառով վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները իրականությանը չեն համապատասխանում: Իրականում ամեն տարի երկրից հեռանում են գրեթե 10 հազար աշխատանքային միգրանտներ», ֊ նշում է Ալիևը:
Նրա խոսքով՝ չի վարվում նաև աշխատանքային միգրանտների գենդերային ցուցանիշների հաշվառում․ «Ըստ դիտարկումների, տարբեր ժամանակներում անցկացված հարցումների` կարող ենք ասել, որ աշխատանքային միգրանտների 95 տոկոսը տղամարդիկ են: Հիմնականում նրանք գնում են Ռուսաստանի և Ուկրաինայի շուկաներում առևտուր անելու»:
Կովկասյան Մակոնդո` դատարկված քաղաքներ
Ազատեկ գյուղի (Վայոց ձորի մարզ) միակ խանութի ապակուն փակցված միակ հայտարարությունն է՝ «Դեպի Ռուսաստան»: Առաջարկվում է ավտոբուսով մատչելի գներով հասցնել Վորոնեժ, Կրասնոդար, Սոչի: Գեղարքունիքի և Շիրակի մարզերի բնակիչները նույնպես «սիրում» են դեպի Ռուսաստան տանող ճանապարհը: Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքից` Գյումրիից, գրեթե յուրաքանչյուր երկրորդ տղամարդ գնում է փող աշխատելու. «էրեկ հենց մի քանի հոգի էլի գնացին: Անապագա են էստեղ ապրում: Ջուր չկա, տեխնիկա չկա, գյուղատնտեսությունից օգուտ չկա… Անասուն պահելը շատ թանկ է: Մարդիկ դիմանում, դիմանում են, հետո թքում են ամեն ինչի վրա ու բռնում էս ճամփան: Նիսյա են գնում: Ծնողները թոշակ են ստանում ու նրանց ճանապարհի փող տալիս: Կա՛մ էլ անասուն են մորթում, միսը ծախում ու տալիս…»,- ասում է Ազատեկի խանութի սեփականատեր Կարբիդ Պետրոսյանը:
Ազատեկի բնակիչ 56-ամյա Ժանետա Ներսիսյանն արդեն տասը տարի ապրում է իր երկու հարսների և թոռների հետ: Որովհետև որդիներն այս տարիներին ընթացքում աշխատում են Ռուսաստանում. «Ես դեմ եմ, ամբողջ տարին խոսում եմ, որ հետ գան: Բայց մյուս կողմից էլ՝ ի՞նչ անեն: Ընտանիք, երեխա… Էն փոքր տղես էլի շուտ ա հետ գալիս՝ հոկտեմբերին: Մեծս, վախենամ, չգա էլ… »- ասում է Ժանետան:
Ադրբեջանի կենտրոնական շրջաններում` Սաբիրաբադում, Իմիշլիում և Սաաթլիում, երիտասարդ տղամարդիկ նույնպես հազվադեպ են հանդիպում: Երիտասարդ կանանց նորաթուխ ամուսինները հարսանիքից հետո երկար չեն մնում, գնում են փող աշխատելու: Ռուսաստանի և Ուկրաինայի շուկաները արդեն սպասում են նրանց ամուսիններին, ինչպես վերջին 20 տարիներին սպասում են Կովկասի ժրաջան աշխատողներին:
Լալան` 20-ամյա դեռատի կինը, երկու փոքրիկների հետ ապրում է ամուսնու ընտանիքի հետ, որի դեմքը հարսանիքից հետո տեսել է ընդամենը 3-4 անգամ: Հարսանիքից երկու օր հետո ամուսինը գումար վաստակելու նպատակով մեկնեց Նիժնի Նովգորոդ: Ամուսինը ընտանիքում չորրորդ տղան էր: Լալայի բոլոր տեգրերն ամուսնացել են և նույնպես մեկնել փող աշխատելու: Հայրական տանը ապրում են չորս հարսները, սկեսուրը, ընտանիքի տատը և բազմաթիվ երեխաներ: Երեխաների գրեթե կեսը դեռ չի տեսել իրենց հայրերին: Շփվում են հեռախոսով և հազվադեպ`սկայպով:
Իսկ ահա Թբիլիսիից, Բորժոմից և Վրաստանի մյուս քաղաքներից ավելի շատ կանայք են հեռացել, քան տղամարդիկ: Նրանք հիմնականում մեկնել են Հունաստան և Իտալիա որպես դայակ, հիվանդապահ աշխատելու` Վրաստանում մնացած իրենց ընտանիքներին պահելու նպատակով: Օրինակ` 33-ամյա Լիան դեռ դպրոցական էր, երբ մայրը մեկնեց Իտալիա աշխատելու: Իսկ ինքը եղբոր ու հոր հետ մնաց Վրաստանում: Հարևանուհին գնացել էր Իտալիա գումար վաստակելու` հիվանդ ծերերին խնամելու: Մի քանի ծանոթներ նույնպես որոշեցին փորձել իրենց բախտը, այդ թվում նաև` Լիայի մայրը: Նա վաճառեց ամբողջ ոսկեղենը, փող պարտք արեց ու գնաց: Լիայի խոսքով` շատ դժվար էր. մի կողմից` դու դպրոցական ես ու երեխա, ուզում ես, որ քո մասին հոգ տանեն, իսկ մյուս կողմից` դու արդեն տան միակ կինն ես, և քո ուսերին նույնպես պատասխանատվություն է ընկնում:
«Էն ժամանակ ոչ կոմպյուտեր կար, ոչ սմարթֆոն, ոնց որ հիմա… Լույսի մասին չեմ ասում, օրերով ջուր չէր լինում: Դրա համար մորս հետ կապը մենակ հեռախոսով էր ու շատ անկանոն: Դե, հիմա ես էս մասին հանգիստ եմ խոսում, բայց ինձ` որպես երեխայի, որպես աղջկա, մայրս պետք էր: Եղբորս էլ… Իսկ նա չկար: Բայց ես հասկանում էի, որ մենք էն հացն ու շորն էլ չենք ունենա, եթե արտասահմանից նրա ուղարկած փողը չլիներ»:
Մամաներն ու պապաները` էկրանի տարբեր կողմերում. փոխվո՞ւմ է արդյոք կովկասյան ընտանիքի մոդելը
Ազատեկում մնացած միայնակ կանայք ասում են, որ ահա արդեն 20 տարի հայկական ամուր ընտանիքը վերածվել է համակարգչից, սկայպից ու բջջային հեռախոսից կախված ընտանիքի: Հայրերը չեն տեսնում մեծացող զավակներին: Կանայք չեն վայելում ընտանեկան լիարժեք երջանկությունը: Երբեմն երեխաները չեն ճանաչում և մոտ չեն գնում տուն վերադարձած իրենց հայրերին: Իսկ մինչև ընտելանում են՝ նրանք նորից գնում են: Լիան ասում է, որ այն պատճառով, որ մայրն Իտալիայում անօրինական էր մնում, 10 տարի Վրաստան չի վերադարձել: Թեև պաշտոնապես հոր հետ չեն ամուսնալուծվել, բայց ոչ ֆորմալ դա ապահարզան էր:
«Սկզբում ծնողներս հեռախոսով շփվում էին, իսկ մի 4 տարի անց դարձան լրիվ օտար մարդիկ: Մամաս 10 տարի հետո վերադարձավ Իտալիայից, երբ իր փաստաթղթերը սարքեց, ու նորից գնաց: Մինչև հիմա Իտալիայում է: Ես նրան երախտապարտ եմ: Նա շատ բան է զոհել հանուն մեզ: Ես ու եղբայրս բարձրագույն կրթություն ենք ստացել, աշխատում ենք: Բայց նա չցանկացավ վերադառնալ, էնտեղ նա ապահովում է իր կյանքը: Իսկ էստեղ ոչ մեկի պետք չէ… էստեղ նա չի կարող աշխատանք գտնել, իսկ թոշակը` 160 լարի, փրկություն չէ: Ես նրան սիրում եմ, բայց մենք իրար հետ էնքան մոտ չենք, ես մեծացել եմ առանց նրա, և հիմա հանդիպում ենք տարին մի անգամ»,— իր պատմությունն է ներկայացնում Լիան:
«Սախլի» կանանց խորհրդատվական կենտրոն ոչ կառավարական կազմակերպության ղեկավար, հոգեբան Ռուսուդան Փխակաձեն ասում է, որ դա համալիր հարց է: Նրա խոսքով` այն, որ կանայք մեկնում են, իհարկե, գոյություն ունի նաև տնտեսական գործոնը, սակայն գոյություն ունեն մի շարք հոգեբանական գործոններ:
Երբ կինը չի կարողանում իր ուսերին դրված տան գործերը հաջողությամբ կատարել, դա սթրեսից հեռանալ է: Նա այնտեղ գումար է վաստակում, բայց դա հոգեբանորեն պարտականություններից հեռանալ է: Երեխաները տառապում են, նրանց այս դեպքում պետք է չէ «էկրանային» մայրիկ:
«Նրանց պետք է կողքին գտնվող մարդ, որպեսզի նրանք հպվեն միմյանց: Սա պարտադիր է երեխայի բնականոն հոգեկան զարգացման համար: Փորձով ամենուրեք ապացուցվել է, որ, դիցուք, մանկատների երեխաների վրա, որոնք զրկված են մայրական գգվանքից ու քնքշանքից, ծնողների բացակայությունն արտահայտվում է թե հոգեբանական և թե ֆիզիոլոգիայի մակարդակում»,- ասում է հոգեբանը: Նրա խոսքով` իհարկե ոչ միշտ, սակայն կան նաև այնպիսի դեպքեր, որ երեխաները վարժվում են չաշխատելուն և սպասում են միայն արտերկրից մոր ուղարկած փողերին: Նույնիսկ այն ժամանակ, երբ վաղուց արդեն դադարել են երեխա լինելուց և կարող են իրենք կրթություն, մասնագիտություն ստանալ, բայց դա չեն անում. «Սա, ըստ էության, յուրատեսակ մուրացկանություն է: Մարդը պետք է կարողանա ինքն իր համար պատասխան տալ, այլապես չի կարող ներքուստ զարգանալ: Ինքը պատասխան տա իր անկումների և վերելքների համար: Այս մեխանիզմը անպայման պետք է լինի, որպեսզի մարդը սովորի ինքնուրույն հաղթահարել կենսական դժվարությունները: Այլապես նրանք այսպես վարժվում են պորտաբուծությանը և կարող են զարգանալ խոտոր ճանապարհով»,- ամփոփում է փորձագետը:
«Կանանց տեղեկատվական կենտրոնի» տնօրեն Ելենա Ռուսեցկայան նույնպես ներկայացրեց իր դիտարկումները. չնայած այն փաստին, որ նրանք մի կողմից զբաղվում են ծանր աշխատանքով, և մի քանի տարի անց մեծ մասին հաջողվում է ինչ-որ կերպ օրինականացնել իրենց կեցությունը արտերկրում, այնուամենայնիվ, այդ կանայք չեն վերադառնում: Պատճառը կարող է լինել այն, որ նրանք ստիպված են շարունակ հոգ տանել ինչ-որ մեկի մասին: Սա անվերջանալի շրջափուլ է: Նա մեկնում է`երեխաներին մեծացնելու համար: Հետո երեխաները դառնում են ուսանողներ: Հետո ամուսնանում են, ծնվում են թոռնիկները: Հոգսերն անվերջանալի են: Ռուսեցկայան ասում է, որ այստեղ կա նաև ազատության գործոնը: Չնայած բոլոր դժվարություններին` կովկասցի կանայք այնտեղ ազատություն են ձեռք բերում:
«Սա շատ բարդ գործընթաց է: Մի կողմից` նրան կարոտում են, ցանկանում վերադառնալ, սակայն մյուս կողմից` ընտանիքի անդամների մասին հոգածությունը և ազատությունը, որը նրանք չեն ուզում կորցնել»,— կարծում է Ռուսեցկայան:
«Վերադարձ և պաշտպանություն» սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության նախագահ Տաթևիկ Բեժանյանը նշում է, որ երբ իրենք զրուցել են աշխատանքային միգրանտների հետ, նրանք պատմել են, որ եթե Ռուսաստանում վաստակած գումարի կեսը վաստակեին հայրենիքում, ապա չէին մեկնի: Չէ՞ որ իրենց բացակայությունը լուրջ անդրադարձ է ունենում երիտասարդ ընտանիքի ձևավորման, մատաղ սերնդի, այսինքն` իրենց երեխաների դաստիարակության վրա, ովքեր մնում են Հայաստանում ապրելու առանց հոր:
Տաթևիկ Բեժանյանը բացատրում է, որ արտագնա աշխատանքը փոխել է ընտանիքի մոդելը: Ընտանիքում ամուսինների բացակայությունը կնոջը ստիպում է տղամարդու փոխարեն էլ որոշում կայացնել, ինչի արդյունքում նա դառնում է ուժեղ. «Կանայք դառնում են ընտանիքի տղամարդը: Նրանց վրա է մնում երեխաների դաստիարակության ու պահելու ամբողջ բեռը: Գյուղական համայնքներում բոլոր գյուղատնտեսական աշխատանքները նույնպես մնում են կանանց ուսերին: Ընտանիքում տղամարդու սոցիալական դերն էլ դառնում է երկրորդական: Կինը ընտանիքում խաղում է գլխավոր դերը, նա է թելադրում ընտանիքում: Ընտանիքի հայրը դառնում է ընդամենը ընտանիքի մի անդամ, ով բացակայում է և երբեմն գումար ուղարկում: Ընտանեկան մոդելում տղամարդու դերակատարումը աստիճանաբար հասնում է զրոյի»,— բացատրում է Բեժանյանը:
«Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ նշում է, որ հոր կամ մոր դերը ընտանիքում միայն այն չէ, որ պետք է գումար աշխատի, այլև այն, որ պետք է երեխաների համար օրինակ ծառայի, ակտիվորեն մասնակցի ընտանեկան խնդիրների լուծմանը: Նրանք պետք է ֆիզիկապես ներկա լինեն ընտանիքում և ամեն ինչ իրենց աչքով տեսնեն: «Որքան ուզում ես երեխային բացատրել, որ հայրդ գնացել է գումար աշխատելու, դա նրան չի հետաքրքրում: Մեզանից ոչ ոք չի հիշում, թե փոքր տարիքում ինչ է հագել, բայց շատ լավ հիշում ենք ծնողների խրատները: Երեխան պետք է զգա ծնողների ֆիզիկական ներկայությունը: Տեսնի` ինչպես է հայրն առավոտյան սափրվում, ինչպես են հայրն ու մայրը միասին սուրճ խմում: Նա պետք է ձևավորի իր ապագա ընտանիքի մոդելը, ի՞նչ է ընտանիքը, մինչդեռ մեր երեխաները չեն տեսնում այդ ամենը»,— ասում է հոգեբան Մադաթյանը:
«Լուռ ապահարզաններ»․ գլխավորը, որ փողը ժամանակին ուղարկեն…
Երկու թոռան տատ Նարմինան ասում է, որ վաղուց ընդունել և համակերպվել է այն մտքի հետ, որ իր օրինական ամուսինը այնտեղ` Ուկրաինայում, երկրորդ ընտանիքն ունի: Նա դա զգում է, որովհետև նա ամեն տարի ավելի կարճ ժամանակով է գալիս և այստեղից ինչ-որ նվերներ գնում կնոջ և երեխայի համար: Դա տեսնելը խոցում է իր սիրտը, սակայն Նարմինան նույնիսկ ամենավատ երազում չի մտածում ամուսնուց բաժանվելու մասին, որն արդեն մոտ երեսուն տարի իր հետ չի ապրում:
«Ինչ եք ասում, բա էրեխեքին, թոռներին ո՞նց կերակրել… Թող աշխատածի մի մասը կանոնավոր ուղարկի: Իսկ մնացա՞ծը… Ինչ արած, էսպես ստացվեց…»
Անահիտ Հարությունյանը պատմում է, որ իր հարևանուհին շատ լավ գիտի, որ ամուսինն այնտեղ երկրորդ ընտանիքը, երեխաներ ունի: Բայց նա լուռ հանդուրժում է դա: Գիտի, որ դա միակ մարդն է, որ օգնում է իրեն և երեխաներին: Հոգեբան Մադաթյանը բացատրում է, որ մասնագիտացված լեզվով այս երևույթը կոչում են «լուռ ապահարզան». «Նման ընտանիքների մասնատվածությունը մենք ընկալում ենք որպես «լուռ ամուսնալուծություն»: Այստեղ են կինը, երեխաները, ընտանիքը: Եվ հանկարծ նոր ընտանիք` այնտեղ: Այստեղ ապրող ընտանիքը այդ մասին չի խոսում, որովհետև դա նրանց ձեռք չի տալիս: Եվ հենց սա է «լուռ բաժանությունը»: Ապահարզան, ըստ էության, տեղի չի ունեցել, զույգը դատարան չի դիմել, ընտանիքը փաստացի ամուսնալուծված չէ, բայց ամեն ինչ արդեն ավարտված է…», – ասում է հոգեբանը:
Եզրակացություն
Մեկնած մարդկանց մեծ մասը ձեռք բերած ֆինանսական ռեսուրս է: Սակայն, ցավոք, միևնույն ժամանակ դա երբեմն երկրի զարգացման համար նաև կորսված մտավոր ներուժ է: Եթե չհաշվենք այն մարդկանց, ովքեր մեկնում են սովորելու կամ իրենց մասնագիտությամբ աշխատելու, հիմնականում սա գոյատևման համար հոսք է: Իհարկե, տուն վերադառնալը կամ, ավելի ճիշտ` չվերադառնալը կախված է տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական իրավիճակից, իսկ Հարավային Կովկասում առայժմ ամեն ինչ այնքան անկայուն է: