Հայ-վրացական նոր հուշագրով Վրաստանի հայկական դպրոցների որակը կբարելավվի

Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպում է ունեցել  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղիները:

Նախարարներն ընդգծել են, որ երկու երկրների գիտակրթական համակարգերում առկա են միևնույն մարտահրավերները, որոնց պետք է լուծումներ գտնել համատեղ ջանքերով և տարածաշրջանային ծրագրերով:

Հանդիպման ժամանակ երկու երկրների նախարարությունների միջև ստորագրվել է հուշագիր։

ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել իր վրացի գործընկերոջը՝ Հայաստանում հյուրընկալվելու համար:

Ջեջելավան էլ նշել է, որ առաջիկայում աշխատելու են հայկական դպրոցների որակի բարելավման և հայոց լեզվի դասավանդման ծրագրերի ուղղությամբ:

«Այստեղ շատ կարևոր է երիտասարդ ուսուցիչների վերապատրաստումը, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն նորովի մտնել դպրոցներ և կատարել մեծ փոփոխություններ: Մենք նախատեսում ենք որոշակի համատեղ գործընթացներ նաև բարձրագույն կրթության ոլորտում և հավատում ենք, որ կկարողանանք այդ ամենն իրականացնել միջազգային մակարդակով»,-ասել է նախարարը։

61e05d8b84526088ed131541bebda3e1Համաձայն ստորագրված հուշագրի` կողմերը հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, գիտության և հետազոտության ոլորտներում կստեղծեն աշխատանքային խմբեր: Նախատեսվում է փոխադարձ հիմունքներով տրամադրել բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական աստիճանի առավելագույնը 10 կրթաթոշակ:

Վրացական կողմը պարտավորվում է Հայաստանի քաղաքացիներին ազատել Վրաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վճարից, եթե այն չի գերազանցում 2250 վրացական դրամական միավոր: Հայկական կողմը պարտավորվում է Վրաստանի քաղաքացիներին ազատել Հայաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում  ուսման վճարից, եթե վերջինս չի գերազանցում 1.000.000 դրամը:

Երկու կողմերից առաջադրված ուսանողները պարտավորվում են հավաստել դասավանդման լեզուների որոշակի մասնագիտացման մակարդակ (անգլերեն և ռուսերեն), հակառակ դեպքում` ուսանողները պարտավորվում են հանձնել որոշ ներքին քննություններ՝ կազմակերպված տվյալ բարձրագույն կրթական հաստատության կողմից:

8e63c6cf62f239dd09305044bf46a1d6

Վրաստանի ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան, ծանոթացել հին ձեռագրերին, եղել Մ. Սեբաստացի կրթահամալիրում և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Թողնել պատասխան