Հայ գրականությունը 2017 թ. հունվարի 8-ին մեծ կորուստ ունեցավ: Կյանքի 68-րդ տարում կյանքից հեռացավ թբիլիսահայ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Անահիտ Բոստանջյանը:
Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից «Վրաց մշակույթի դեսպան» տիտղոսին արժանացած գրողը մեծ դեր ունի հայ-վրացական գրականությունների մերձեցման գործում: Նա ավելի քան 30 գրքի հեղինակ է` բանաստեղծական ու թարգմանական (վրացերենից հայերեն և հայերենից վրացերեն):
Անահիտ Բոստանջյանը Թբիլիսիի «Մերանի» հրատարակչության հայերեն հրատարակությունների խմբագիրն է, «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրը, «Վրաստան» թերթի բաժնի վարիչներից, հայաստանյան Օքրո Օքրոյանի անվան հիմնադրամի վրաստանյան ներկայացուցիչը, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ է: Արժանացել է բազմաթիվ պարգևների ու շնորակալագրերի, Վաժա Փշավելայի մրցանակի դափնեկիր է, Վրաստանի Պատվո շքանշանակիր, Նիկո Նիկոլաձեի անվան մրցանակակիր (խմբագրական ու հրապարակախոսական գործունեության համար), ՀՀ Մովսես Խորենացի մեդալակիր, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիր , Սփյուռքի նախարարության և Մխիթարյան Միաբանության «Հակոբ Մեղապարտ» մեդալակիր: Վրաց մշակույթի դեսպան է:
Անահիտ Բոստանջյանը բոլորովին վերջերս միացել էր նաև «Ալիքի» խմբագրակազմին:
«Ալիք» մեդիայի աշխատակազմը ցավակցում է գրողի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին: