Եվրասիա համագործակցության հիմնադրամի և Նիդեռլանդների թագավորության նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին Երևանի «Բեստ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» ծրագրի եզրափակիչ միջոցառում-մրցույթը:
Մրցույթի նպատակն էր խրախուսել խնդրի անաչառ և բազմակողմանի լուսաբանումը, ուշադրություն սևեռել Հայաստանի կրոնական և էթնիկ փոքրամասնություների հիմնահարցերին և նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում:
Լավագույն լրագրողական նյութերի ամենամյա մրցանակաբաշխության դափնեկիրներից էր Գիտա Էլիբեկյանի` «Armenian-Azerbaijani families-wishing the good times were back» վերնագրով հոդվածը:
Թբիլիսիում բնակվող, Ալիք մեդիայի խմբագիր եւ Վրաստանում Հայաստանի հանրային ռադիոյի թղթակից Գիտա Էլիբեկյանը մրցանակաբաշխության ժամանակ նշեց, որ Վրաստանում նրան հետաքրքրել է, թե ինչպես է ազդում խառնածին (հայ-ադրբեջանական) ընտանիքների կյանքում ղարաբաղյան հակամարտությունը:
Միջոցառման ավարտին մեզ հետ զրույցում Հեղինակը կիսվեց, թե ինչ խնդիրեր ու բարդություններ է հաղթահարել հոդվածը պատրաստելիս.
«Չնայած նրան, որ Վրաստանում նման ընտանիքները շատ են, այնուամենայնիվ, ոչ բոլորն էին համաձայնում կիսվել իրենց պատմությունով: Կային նաև այլ դժվարություններ: Երբ «Մեյդանում» (թաղամաս Թբիլիսիում) հավաքված խոսում էի իմ հերոսների հետ, բազմաթիվ մարդիկ էին հավաքվել և մեծ աղմուկ էր բարձրացել, եկել էին նաև ադրբեջանական պետական «SOCAR» ընկերության համազգեստով մարդիկ, ովքեր փորձում էին խանգարել, պարբերաբար ընդհատում էին մեր զրույցը: Նրանք պարզեցին, թե ով եմ ես: Այնուհետև, նույն երեկոյան ադրբեջանական հեռախոսահամարից զանգ ստացա «Գիտա, ո՞նց ես»…»:
Լավագույն լրագրողական նյութերի ամենամյա մրցանակներից մեկին արժանացան նաև Սոնա Քոչարյանն ու Հովհաննես Իշխանյանը, Հայաստանի Բահայի համայնքի վերաբերյալ «Բազմազանություն Միավորող Հավատը» ֆիլմի համար: Ֆիլմում խոսվում է համայնքի կյանքի, ավանդույթների և առօրյայի մասին: Միջոցառմանը ցուցադրվեց նաև Սոնա Քոչարյանի «The best of two worlds» ֆիլմը, որը նույնպես տեղադրվել է «Չայխանա» մեդիա հարթակում:
Մրցանակաբաշխությանը հաջորդեց կլոր սեղան-քննարկում` «Կրոնի կամ համոզմունքի ազատության ոլորտում գլոբալ մարտահրավերներն ու նորարարության միտումները» թեմայով: