Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոն՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդությամբ։
«Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը ողջունելով Հայաստանի կրթության և գիտության, մշակույթի և սփյուռքի նախարարներին՝ նշեց, որ խիստ պատասխանատու շրջան է նրանց համար և հաջողություն մաղթեց առաջիկա աշխատանքներում։
Չիդիլյանն այնուհետև ներկայացրեց «Հայարտուն» կենտրոնը։ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հետաքրքրվեց արդյո՞ք իրականացվում են հայ-վրացական համատեղ նախագծեր, ինչին ի պատասխան՝ Չիդիլյանն ասաց, որ թեև իրականացվում են, բայց ոչ այդքան շատ։
Ներկայացվեց նաև կենտրոնում գործող նախակրթարանը։ Նշվեց, որ նմանատիպ կենտրոններ են գործում նաև հայաբնակ այլ շրջաններում՝ նպատակ ունենալով նպաստել հայկականության և հայկական մշակույթի պահպանմանը։
Խոսվեց նաև հայալեզու դասագրքերի խնդիրների մասին։ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ վրաց գործընկերոջ հետ խոսվել է այդ խնդրի շուրջ և երեկոյան հանդիպման ժամանակ առավել լայն քննարկում տեղի կունենա այս հարցով։
Այնուհետև պատվիրակության անդամներն այցելեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի։
«Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք և այցելեցիք, աղոթում ենք, որ հայոց աշխարհն ամուր լինի։ Եթե մինչև այսօր հայ եկեղեցին և Հայաստանից դուրս բոլոր կառույցները զբաղված էին հայապահպանության գործով, այսուհետ ժամանակն է դեպի հայրենիք վերադարձի ճամփան բռնենք։ Հայրենադարձության ճիշտ ժամանակն է»,- իր խոսքում շեշտեց Վիրահայոց թեմի առաջնորդը։