«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը խորհրդարանական պաշտոնների վերաբերյալ որոշում է կայացրել: Խորհրդարանում փոքրամասնության առաջնորդը կլինի Դավիթ Բաքրաձեն, օրենսդիրի փոխխոսնակը՝ Սերգի Կապանաձեն: Ինչպես հայտնել են կուսակցությունից, արդեն իսկ որոշված է, թե ովքեր են լինելու օրենքով խորհրդարանական փոքրամասնությանը տրվող հանձնաժողովների ղեկավարները:
«Խորհրդարանական փոքրամասնությունը ձեւավորված է և նրա առաջնորդը լինելու է Դավիթ Բաքրաձեն, իսկ փոխխոսնակի պաշտոնը կզբաղեցնի Սերգի Կապանաձեն»,- հայտարարել է Սերգո Ռատիանին:
«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ, կուսակցությունում քննարկումներ են շարունակվում խմբակցությունում ներգրավվող պատգամավորների կապակցությամբ: Հարկ է նշել, որ «Միացյալ ազգային շարժում»-ը Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանում 3 խմբակցություն ստեղծելու հնարավորություն ունի: Այս պահին դեռեւս պարզ չէ, թե ովքեր են ներկայացվելու խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարի տեղակալների պաշտոնում: