Քվեմո Քարթլիի, Աջարայի եւ Թբիլիսիի մի խումբ երիտասարդներ մասնակցել են Վիրահայոց թեմի կազմակերպած` «Առաջնորդների դպրոց» խորագրով ծրագրին:
Ծրագիրն իրականացրել էր Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը: Երեք օրերի ընթացքում մասնակիցներն ունկընդրել են հայ եկեղեցու կարեւորության, Թբիլիսիի հայկական ժառանգության, եվրաինտեգրման եւ այլ թեմաների մասին դասախոսություններ:
Ծրագրի մասին «Ալիք» մեդիան զրուցեց Վիրահայոց Թեմի երիտասարդական ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի հետ.
«Ծրագիրն իրականացվում է արդեն երրորդ անգամ, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի աջակցությամբ: Թեմաները տարբեր են: Օրինակ այս անգամ Խորեն Վարդապետը դասախոսություն կարդաց կրոնական թեմաներով: Իսկ Քվեմո Քարթլիի հոգեւոր հովիվ Տեր Հուսիկ Քահանա Հարությունյանը ամեն երեկո պատարագ մատուցեց: Լեվոն Չիդիլյանը ներկայացնում էր Թբիլիսիի հայկական ժառանգությունը, Գիորգի Թումասյանը՝ փոքրամասնությունների եւ եվրաինտեգրման, Միխեիլ Ավագյանը` քաղաքացիական հանրության զարգացման եւ ոչ կառավարական կազմակերպությունների մասին թեմաները….»:
Երեկոյան ազատ ժամերին երիտասարդների համար կազմակերպվել են ժամանցային ծրագրեր՝ խաղեր եւ մցույթներ: Նինա Սերոպովան ասում է՝ այս տարվա դասընթացները տարբերվում էին իրենց թեմաների առատությամբ:
«Այս տարի շեշտը դրել էինք տեսական տեղեկատվության վրա: Նպատակն այն էր, որ երիտասարդները հասկանան ծրագրի ամբողջ իմաստը: Նոր գիտելիքները նրանք մեծ հաճույքով էին ընկալում, հետաքրքրությունը մեծ էր: Ընդհանուր առմամբ դասընթացներն անցան ակտիվ ռեժիմով»:
Ծրագրի ամնեափոքր մասնակիցը 17, իսկ ամենամեծը 25 տարեկան էին: «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լեւոն Չիդիլյանի խոսքով, նման ձեւաչափի դասընթացները շատ կարեւոր են տարիքային այս խմբի երիտասարդների համար:
«Առանձին շինություն կա Ծերովանիում (գյուղ Մցխեթա-Մթիանեթի շրջանում) եւ առավոտից երեկո երեխաներն իրար հետ են: Արդյունքում նրանք, ովքեր իրար չեն ճանաչում, բայց ապրում են նույն տարածաշրջանում, մտերմանում են, բարեկամանում: Այն, ինչ սովորում են երեք օրերի ընթացքում մեծ դեր կխաղա իրենց հետագա գործունեության մեջ»:
Դասընթացներին Լեւոն Չիդիլյանը ներկայացրել է «Թբիլիսիի-Տփխիսիի պատմամշակութային ժառանգությունը».
«Ահռելի պատմամշակութային ժառանգություն ունենք: Ես երկու դասընթացի ընթացքում փորձեցի ներկայացնել մայրաքաղաքի կարեւոր շինությունների հեղինակներին: Ցավոք սրտի այդ շենքերի մի մասն այժմ գոյություն չունեն, սակայն գալիք սերունդը պարտավոր է դրանց մասին իմանալ: Դրանցից են՝ Ներսիսյան, Գայանյան, Մարիամյան դպրոցները…»:
Ծրագրի ավարտին մասնակիցները հնարավորություն են ունեցել լինել այն վայրերում, որոնց մասին լսել են: Նրանք այցելել են Թբիլիսիի հայ գրողների Պանթեոն եւ սբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցի:
Նինա Սերոպովան հույս ունի, որ ձեռք բերած գիտելիքները երիտասարդները կօգտագործեն ապագայում եկեղեցու հետ համագործակցության շրջանակներում, կկարողանան նաեւ այն փոխանցել ընկերներին: