Հայկական ավանդական «Ղափամա» կերակուրը եւ դդմի հետ կապված ցանկացած ուտեստ դեկտեմբերի 17-ին հնարավոր էր համտեսել Թբիլիսիի սբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում: Հերթական անգամ նշվեց «Ղափամայի տոնը»՝ փառատոն, որին մասնակցելու համար Թբիլիսիից, եւ ոչ միայն, մի բակում են հավաքվում հայերն ու այլոք:
Տաք թեյ, մուրաբաներ, դդմից պատրաստված տարբեր տեսակների ուտեստներ եւ օրվա գլխավոր «հերոսը»` Ղափաման ներկայացրել էին փառատոնի մասնակիցները՝ յուրաքանչյուրն իր հետ բերելով ավանդական ուտեստի իր տարբերակը: Ղափամա համտեսելու էին եկել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, «Թումանյանի տուն» գիտական մշակութային կենտրոնի եւ Վիրահայոց թեմի Հայարտուն կրթամշակութային կենտրոնի աշխատակիցներն ու պարզապես թբիլիսաբնակներ: Ի տարբերություն «Շուշանիկ» կանանց միության կազմակերպած մնացած փառատոնների, «Ղափամա 2017»-ն անցկացվեց առանց որեւէ մրցույթի:
Տոնն առաջին անգամ նշվել էր նախորդ տարի: Օրինակ վերցնելով Գյումրիից՝ կազմակերպությունը պահպանում է հայկական խոհանոցը, ինչպես նաեւ ավանդույթները՝ կազմակերպելով նման թեմատիկ միջոցառումներ:
Ղափամայի փառատոնին կատարումներով հանդես եկան Հայարտուն կենտրոնի մենակատարները: