«Եվրոպական Վրաստան» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունները նախագահական ընտրություններին վերաբերող 3 կետանոց համաձայնագիր են ստորագրել:
«Մենք` Վրաստանի եվրոպամետ ուժերի ներկայացուցիչներս` «Եվրոպական Վրաստան» ու «Միացյալ ազգային շարժում»-ը մեր պատասխանատվությունն ենք հայտնում երկրի ապագայի վերաբերյալ և ընդգծում, որ միայն համագործակցության, երկկողմ հարգանքի և ընդդիմության միասնական ուժերով կարող ենք Վրաստանին վերադարձնել ժողովրդավարությունն ու եվրոպամետ ուղղությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Համաձայնագրի 3 կետերը հետևյալն են.
1. Աջակցել նախագահական ընտրություններին երկրորդ փուլ անցած «Եվրոպական Վրաստան»-ի կամ «Միացյալ ազգային շարժման» թեկնածուին։
2. Նախագահական ընտրաշրավի ժամանակ չկենտրոնանալ միմյանց տարբերությունների վրա և չխոչընդոտել միմյանց:
3. Կոչ ենք անում և մոբիլիզացնում ենք ընտրողներին, որպեսզի մասնակցեն ընտրությունների ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլին, որովհետև, ընտրությունները որոշիչ դեր են խաղում գործող ռեժիմը փոխելու համար:
«Ալիք մեդիայի» հետ զրույցում Վրաստանի մշակույթի նախկին նախարար, Միացյալ ազգային շարժման առաջնորդներից Նիկա Ռուռուան ասաց, որ նշված համաձայնագրի հեղինակն ու համակարգողը Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն է (EPP):
«Այս համաձայնությունն ավելացնում է հաղթելու շանսերը: Երկու կուսակցություններն էլ EPP-ի անդամ են և սույն համաձայնագրով, մենք միմյանց վրա չենք կենտրոնանում, իսկ երկրորդ փուլում աջակցում ենք միմյանց EPP-ի շրջանակներում»,- հայտարարեց Ռուռուան:
«Քաղաքականությունը փոխզիջումների արվեստ է»,- ասում է Ռուռուան, պատասխանելով մեր հարցին, թե ինչպես են միասնական փաստաթուղթ ստորագրել այս երկու կուսակցությունները: Հիշեցնենք, որ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ձևավորվեց 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո՝ Միացյալ ազգային շարժում կուսակցությունից հեռացած անձանց կողմից: Ռուռուան նաև ավելացրեց, որ սա ամենևին չի նշանակում, որ ընտրություններին որևէ թեկնածուի հաղթելու դեպքում նշված կուսակցությունները նորից կմիավորվեն:
Օրվա ընթացքում մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել նաև «Եվրոպական Վրաստան»-ի անդամների հետ, որոնք, սակայն, չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին:
Նշենք նաև, որ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերին: Սա վերջին անգամն է, երբ Վրաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենում նախագահ ընտրել: Այսուհետ, սահմանադրական փոփոխությունների համաձայն, նախագահին ընտրելու է հատուկ ընտրական կոլեգիան, որը բաղկացած է լինելու 300 անդամից` 150 պատգամավոր և 150 պատվիրակ:
Լուսանկարը` «Եվրոպական Վրաստան»-ի ֆեյսբուքյան էջից