Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկացմամբ՝ հակաահաբեկչական դեպարտամենտի կողմից Թբիլիսում իրականացվող հատուկ գործողության միջոցով ձերբակալվել է 1 անձ, մյուսներին ձերբակալելու համար հատուկ գործողություն է ընթանում:
ՊԱԾ-ի տեղեկատվությամբ, նշված անձինք Վրաստանի քաղաքացիներ չեն և ահաբեկչական խմբավորման անդամներ են:
«Ժամեր շարունակ ՊԱԾ-ի հակաահաբեկչական դեպարտամենտն ահաբեկիչների հետ բանակցություններ է վարել իրավապահներին հանձնվելու մասին, սակայն նրանք հրաժարվել են:
Հանցավոր խմբի անդամները կրակ են բացել ինքնաձիգերից և նռնակներ նետել: Կրակի հետևանքով վիրավորվել է ՊԱԾ հատուկջոկատային:
Այս պահին նշված անձանց ինքնությունը պարզ է: Նրանց՝ առերևույթ հանցավոր կապերը հաստատելու նպատակով հետաքննություն է իրականացվում ինչպես Վրաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղի բնակիչները տարհանվել են այն շենքից, որտեղ հատուկ գործողություն է ընթանում:
Հատուկ գործողության ժամանակ տեղի բնակչությանը հասցված վնասներն ամբողջովին կհատուցվեն»,- ասված է ՊԱԾ-ի տարածած հայտարարությունում:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կոչ է անում բնակչությանը՝ զերծ մնալ նշված վայրում (Իսանի) տեղաշարժվելուց և հնազանդվել իրավապահների կոչերին: