«Վրաստանը ցույց տվեց իր մարդկային դեմքը: Դա այն դեմքն է, որը մենք ստեղծում ենք քայլ առ քայլ, դա փոփոխություններն են, որ բերեցին 2012-ի ընտրությունները․ Վրաստանը դարձավ մարդակենտրոն երկիր»,-այս հայտարարությունն արել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ գնահատելով Բաթումիի վերջին իրադարձությունները:
Վարչապետի կարծիքով՝ Վրաստանում այսօր այն իշխանությունն է, որն առաջնորդվում է բոլորովին այլ իդեալներով, և այսօր պետությունն այլ հիմքերի վրա է։
«Քննությունը շարունակվում է: Այս փուլում ավելի խոր հետաքննություն է տարվում, և բոլոր այն մարդիկ, ովքեր ձեռք բարձրացրին ամենաթանկի՝ երկրի զարգացման և կայունության վրա, պետք է պատժվեն՝ լինեն ակցիայի մասնակից, թե՝ դրդող»,-ասել է Կվիրիկաշվիլին՝ վստահեցնելով, որ պետությունը պահպանեց կայունությունը՝ առանց մարդկանց ծեծելու և հատուկ նշանակության ուժերի միջամտության, ինչպես արվում էր նախկինում։
Վարչապետը նաև համարում է, որ ակնհայտ երևում էին կազմակերպիչները, լսելի էին նրանց կոչերը։
«Մի մասը «Միացյալ ազգային շարժումն» էր, որն ուղղակի դրդում էր մարդկանց՝ խաղալով նրանց հույզերի հետ: Քննությունը կանի իր գործը, սակայն քաղաքական պատասխանատվությունն ամբողջովին այդ խմբի քաղաքական գործիչների ուսերին է, նրանք գործում են «եթե մենք չենք լինի իշխանության, թող երկրում քարը քարին չդրվի» կարգախոսով: Սակայն դա նրանց չի հաջողվի, քանի որ ժողովուրդը մեր կողքին է»,-ասել է Կվիրիկաշվիլին: