Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Մանանա Կոբախիձեի կարծիքով, «Միացյալ ազգային շարժումը» խորհրդարանում նույնիսկ խմբակցություն ոինենալու իրավունք չպետք է ունենա, իսկ գլխավոր ընդդիմադիր ուժ է պետք դիտարկել «Ազատ դեմոկրատներ»֊ին:
Այս մասին Կոբախիձեն ասել է՝ արձագանքելով ընտրությունների արդյունքների վերաբերյալ կապված Բիձինա Իվանիշվիլիի կանխատեսմանը:
«Այսպես ասենք, 5֊րդ համարով են ներկայանում ընտրություններին, թող խորհրդանշական 5 պատգամավոր ունենան խորհրդարանում։ Կարծում եմ, որ խմբակցության ստեղծման իրավունք էլ պիտի չունենան խորհրդարանում։ Հանրությունը շատ շուտով այս բռնություն իրականացնող, սադիստական ռեժիմն անցյալին կհանձնի եւ երբեք չի վերադարձնի իշխանության: Նրանք շատ քիչ աջակիցներ ունեն, համապատասխանաբար սա արտացոլված կլինի նրանց ներկայացուցիչների շատ ցածր ցուցանիշով: Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներին», ապա եթե նրանք լինեն «Միացյալ ազգային շարժման» փոխարեն ընդդիմադիր կուսակցություն խորհրդարանում եւ իհարկե՝ արեւմտամետ, սա ողջունելի կլինի»,֊ հայտարարել է Կոբախիձեն: