Վրաստանում օգոստոսի 1-15-ը տեղի կունենան «Արժանի գործընկեր- 2018» բազմազգ զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանը նույնպես մասնակցել էր այս զորավարժությանը, մինչդեռ ընդամենը մեկ ամիս անց, արդեն սեպտեմբերին կայացած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին վերջին պահին հրաժարվել էր մասնակցել։ Այն ժամանակ փորձագետները նման որոշումը կապեցին Ռուսաստանի հետ՝ նշելով, թե «Մոսկվային հավանաբար դուր չեկավ, երբ Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի «Noble Partner- 2017» թբիլիսյան զորավարժություններին»։
Թե ինչպես կվարվի Հայաստանն այս անգամ, առայժմ հայտնի չէ։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ալիք մեդիային» ասաց, որ այժմ պլանավորման փուլն է և Հայաստանը մասնակցում է։
«Այս պահին ոչինչ չենք կարող ասել, այս փուլին մասնակցում ենք, սակայն, թե ինչ կլինի հետո, ժամանակը ցույց կտա, այժմ իրավասու չեմ մեկնաբանել», — ասաց Հովհաննիսյանը։
Արդեն չորրորդ անգամ անցկացվող զորավարժություններն այս տարի կունենան «Ուժը գործընկերության մեջ է» կարգախոսը։ Վրաստանի ՊՆ-ն տեղեկացնում է, որ զորավարժություններին կմասնակցի շուրջ 3 հազար զինծառայող:
Վարժանքների մասնակիցների թվում են Վրաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և Հայաստանը: Զորավարժություններին կներկայացվի ամերիկյան օդուժ, գերմանական զրահատեխնիկա: