Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին Զուգդիդիի և Մառնեուլիի 4 ընտրատեղամասերում կանցկացվեն կրկնակի ընտրություններ:
ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն հրավիրած ասուլիսում հիշեցրել է, որ Զուգդիդիում ընտրապայքարն ընթանալու է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ընտրացուցակով առաջադրված թեկնածու, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կնոջ` Սանդրա Ռուլոֆսի, և «Վրացական երազանք»-ից շրջանի վարչակազմի ղեկավար Էդիշեր Թոլորայայի միջև: Միքելաձեի փոխանցմամբ, հանձնաժողովը պատրաստ է ընտրությունների անցկացմանը:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն արդեն նշանակել է նաև Խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի օրը: Հոկտեմբերի 30-ին երկրի 48 ընտրատարածքում քաղաքացիները երկրորդ անգամ կմասնակցեն քվեարկության:
Ընտրատարածքների թիվը, սակայն, մինչև հոկտեմբերի 30-ը հնարավոր է հասնի 50-ի: Դա կախված կլինի նրանից, թե ինչպիսի արդյունքներ կգրանցվեն Զուգդիդիի և Մառնեուլիի ընտրատարածքներում: