Կարկուտից տուժած Սակոբո գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով փոխհատուցում՝ հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Նախօրեին Կախեթիում փոթորիկն ու ուժեղ կարկուտը մեծ վնասներ են հասցրել, տուժել են հատկապես Լադոգեխիի շրջանի գյուղերը, ուր կարկուտը ոչնչացրել է բերքատու այգիների բերքը, բանջարանոցները, եգիպտացորենը: Տեղի բնակիչները իշխանություններին անգործության մեջ են մեղադրել: Նրանք մոտ 15 րոպե փակել են Սակոբոյից Լագոդեխի տանող ճանապարհը: Երթևեկությունը վերականգնել հաջողվել է միայն պարեկային ոստիկանության միջամտությունից հետո:
Իշխանությունները հայտարարում են, որ փոխհատուցում կունենան միայն այն ֆերմերները, ում բերքը ապահովագրված է, նաև նրանք, ովքեր 2013-ից գործող գյուղատնտեսական վարկ ունեն: Տարերքը հասել է նաև Արևելյան Վրաստան, Ռիոնի գետը դուրս է եկել ափերից, հեղեղել Իմերեթիի շրջանի Ժոնեթի գյուղը: Քվեմո-Քարթլիի շրջանում հորդառատ անձրևը լուրջ խնդիրներ է ստեղծել: Դիդի Քլդեիսի գյուղ տանող ճանապարհին քարաթափում է գրանցվել, ինչի հետևանքով փակվել է ճանապարհը: Ըստ Վրաստանի օդերևութաբանների, անկայուն եղանակը պահպանվելու է մինչև մայիսի 26-ը: