Վրաստանի Պետական անվտանգության գործակալությունը կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել է Թբիլիսիի Նաձալադեւի թաղամասի թաղապետարանի գամգեոբայի` թաղամասային գործակալության ղեկավար Վասիլ Բեքաուրիին:
Մայիսի 13-ին, խնդրի շուրջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվել է, որ Վասիլ Բեքաուրին, Նաձալադեւիում արտադրական գործունեություն ծավալող սուբյեկտներից մեկի ղեկավարին` գաղթականների բնակելի շենքի տանիքները վերանորոգելու համար անցկացվելիք աշխատանքների ֆինանսավորման դիմաց կաշառքի տեսքով որոշակի գումար է պահանջել:
Վասիլ Բեքաուրին կաշառքի տեսքով 1800 լարի գումար է վերցրել եւ ապա մայիսի 11-ին միեւնույն անձից եւս 2000 լարի է պահանջել: Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական Օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասով, ինչը ենթադրում է 6-ից 9 տարվա ազատազրկում: