Վրաստանի կառավարությունում չեն հաստատել լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունը, որի համաձայն՝ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն չի լինի Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, այլ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:
«Չեմ կարող հաստատել, չեմ լսել նման բան»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:
«Եթե դուք նկատի ունեք 5-10 տարի անց ժամանակահատվածը, ապա մենք հետագայում կքննարկենք այդ հարցը: Այժմ ասեկոսեների վերաբերյալ մեկնաբանություն չեմ անի: Թե ով կլինի քաղաքապետի մեր թեկնածուն, կհայտարարենք մոտ ապագայում և նույնիսկ կհաղթենք ընտրություններում»,- իր հերթին հայտարարել է Վրաստանի բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց, վերաբնակեցման և փախստականների նախարար Սոզար Սուբարին: