«Վրաստանում կայացան ընտրությունները եւ ժողովրդի մեծ մասը վստահեց «Վրացական երազանք»-ին»։ Հրավիրած արտակարգ ասուլիսի ընթացքում հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության ընտրական շտաբի ղեկավար Կախա Կալաձեն:
Նա երկրի քաղաքացիներին շնորհավորել է խորհրդարանական ընտրությունների ավարտի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել «Վրացական երազանք»-ին վստահելու համար։
«Այս օրը եւս մեկ քայլ է դեպի ժողովրդավարություն։ Ընտրությունները տեղի են ունեցել խաղաղ, ազատ եւ մրցունակ միջավայրում, որտեղ ընտրողը հնարավորություն է ունեցել սեփական կամքն արտահայտել: Մեր տվյալներով, բոլոր ընտրատարածքներում գերակշռում են «Վրացական երազանք»-ի օգտին տրված ձայները»,- հայտարարել է Կալաձեն:
Նա ավելացրել է, որ կուսակցությունը պատրաստ է հանրության կողմից ստանձնած վստահությունն արդարացնել՝ շարունակելով իրականացնել այն ծրագրերը, որոնք Վրաստանի քաղաքացիներին բարեկեցություն կբերեն: