Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ներկայացրել է «Գիշերային տնտեսություն» խորագրով նախագիծը՝ ընդգծելով, որ դրա իրականացման համար անհրաժեշտ է նաև մասնավոր հատվածի մասնակցությունը:
«Մենք նորություն չենք հորինում, ընդամենը ցանկանում ենք աշխարհում կիրառված լավագույն օրինակները տեղափոխել մեր մայրաքաղաք: Երբ խոսում ենք գիշերային տնտեսության զարգացման մասին, խոսքը վերաբերում է աշխատատեղերի ստեղծմանը: Այս գործն ընդգրկելու է տարբեր տարիքային խմբերի: Ծրագրի հաջող իրականացման համար կարևոր է նաև գործարար ոլորտի անմիջական մասնակցությունը»,-interpresnews-ի փոխանցմամբ, հայտարարել է Կալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, «Գիշերային տնտեսություն»-ը ենթադրում է կարգավորել տրանսպորտային համակարգը, նվազեցնել քաղաքի աղմուկը, ապահովել մշակութային ակտիվությունն ու մայրաքաղաքի տարբեր թաղամասերի համաչափ զարգացումը:
Բացի այդ, ըստ Կալաձեի, նախագծի շրջանակներում մայրաքաղաքի անվտանգության ուժեղացման համար համագործակցություն է ընթանում ՆԳՆ-ի հետ:
Հիշեցնենք՝ Կալաձեն «Գիշերային տնտեսության» խորագրով նախագծի մեկնարկի մասին հայտարարել էր անցած ամիս: