«Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքապետարանը Էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեի ընկերությանը Նուցուբիձե 131 հասցեում 8 հարկանի շենք կառուցելու թույլտվություն է տվել: Սակայն հիշյալ հասցեում օրենքը չի թույլատրում բարձրահարկ շենքեր կառուցել:
Թույլտվությունը ստանալուց հետո Կախա Կալաձեն նշված տարածքը օտարել է «Արքի գրուպ» շինարարական կազմակերպությանը, որի հիմնադիրը «Վրացական երազանք»-ի պատգամավոր Իլիա Ծուլայան է: Վերջինս հերքում է, որ Կալաձեն կապ ունի նշված հասցեում ընթացող շինարարության հետ:
Նուցուբիձե փողոցում 271 քմ հողատարածք գնելն ու շինարարության թույլտվություն ստանալը արժեցել է կես միլիոն լարի։ Հանրային ռեեստրի տվյալներով՝ Կալաձեն հողատարածքը «Արքի գրուփ»-ին վաճառել է անհամեմատ էժան՝ 38 հազար լարիով:
Հեռուստաընկերությունը ավելացնում է, որ Նուցուբիձեի շինարարությունը Կալաձեի և «Արքի գրուպ»-ի առաջին համագործակցությունը չէ: Պարզվում է, որ նախկինում Կալաձեի օգնությամբ «Արքի գրուպ»-ը կարողացել է տարածք գնել նաև Մինդելի փողոցում: