Թբիլիսիի քաղաքային դատարանում ծիսական սպանության գործով հունվարի 17-ի նախադատական փուլում մեղադրյալներից երկուսն ընդունել են իրենց մեղքը:
Իրեն մեղավոր է ճանաչել սպանված կնոջ դուստրը, ով մեղադրվում է կանխամտածված սպանություն կատարելու մեջ: Վրաստանյան որոշ լրատվամիջոցների համաձայն, նա աղանդավորական շարժման անդամ է։
Եվս մեկ տղամարդ, ով մեղադրվել է հատուկ դաժանությամբ կանխամտածված սպանության մեջ, մեղքը մասամբ է ընդունում։ Նրա խոսքով, սպանությունը ծիսական դրդապատճառներ չի ունեցել: Տեղեկացնում է «Rustavi 2» հեռուստաալիքը:
«Ինձ մասամբ անմեղ եմ ճանաչում, սպանությունը չի կատարվել այդ մարդու օրգանները հանելու նպատակով: Նրան մասնատել ենք հեշտությամբ տեղափոխելու համար, այս ամենը ծիսական ոչ մի նպատակ չի ունեցել, սպանությունը հատուկ դաժանությամբ չի կատարվել։ Այնպես որ այս ծանրացուցիչ հանգամանքի հետ համաձայն չեմ»,-նշել է գործով մեղադրվող տղամարդը:
Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 19-ին: Սպանված տարեց կնոջը հանցագործները մասնատել, այնուհետև այրել են: Կնոջ դուստրն ու նրա երկու ընկերները մեղադրվում են ծիսական սպանություն իրականացնելու մեջ: