Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի երկրի 53 մեծամասնական ընտրատարածքներում, որոնցից 18-ը՝ մայրաքաղաքում, 35-ը՝ շրջաններում: ԿԸՀ-ն արդեն հաշվարկել և հրապարակել է բոլոր տեղամասերի վերջնական արդյունքները: Երկրորդ փուլ է նշանակվել այն տարածքներում, որտեղ թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50%-ի շեմը: Գրեթե բոլոր շրջաններում երկորդ փուլ են անցել առաջին տեղում Վրացական երազանքի, երկրորդ տեղում՝ Միացյալ ազգային շարժման ներկայացուցիչները:
ԿԸՀ-ն հրապարակել է նաև արտերկրում բացված ընտրատեղամասերի քվեարկության արդյուքները: 57 ընտրատեղամասերում 39.6 % է ստացել Վրացական երազանքը, 33.8 %՝ Ազգային շարժումը: Ալասանիայի ազատ դեոկրատները՝ 10,42 %, Հանրապետականները՝ 3.76%, Լեյբորիստական կուսակցությունը՝ 3.74%, Պետությունը ժողովրդի համար՝ 1.91%, Պատրիոտների ալյանսը՝ 1.87%, Բուրջանաձեի դեմոկրատական շարժումը՝ 1.27%, մնացած ուժերը 1 %-ից պակաս ձայն են ստացել:
Այսպիսով, ընտրությունների արդյունքում Միացյալ ազգային շարժումը շարունակում է մնալ Վրաստանի գլխավոր ընդդիմադիր ուժը: Ավելին, փորձագետներն արդեն կարծիք են հայտնել, որ այդ ընդդիմությունը մեծ ազդեցություն է ունենալու քաղաքական գործընթացների վրա:
Քաղաքագետ Գիա Խուխաշվիլին, Ռուսթավի 2-ի եթերում ասել է, թե չնայած նրան, որ Վրացական երազանքը քանակապես գերազանցում է Ազգային շարժմանը, նրանք լուրջ քաղաքական մանեւրի գործիք և հնարավորություն են տալիս: Խուխաշվիլին իրադարձությունների զարգացման երկու հնարավոր սցենար է տեսնում.Ազգային շարժումը, ըստ նրա, կարող է գնալ կարճաժամկետ՝ հեղափոխական սցենարով: Պարզապես հրաժարվելով մտնել Խորհրդարան, ինչից հետո կարող է Խորհրդարանի լեգիտիմության խնդիր առաջանալ: Երկրորդ սցենարը ավելի երկարաժամկետ է: Քաղաքագետն այն պայմանականորեն անվանում է Գիգա Բոկերիայի սցենար (Ազգային շարժման ներկայացուցիչ).
«Ելնելով նրանից, որ Վրացական երազանքը թույլ իշխանություն է, փաստացի նրանք նույնիսկ չկարողացան ձևավորել կուսակցությունը, բնական է, որ մինչև 2020 թվականը նրանք ավելի են թուլանալու, և Միացյալ ազգային շարժումը, որը արդեն մաքրված կլինի հին մեղքերից, կունենա բոլոր հնարավորությունները, որպեսզի 2020-ին իշխանության վերադառնա: Նոր Խորհրդարանի որակի վրա ազդել է այն փաստը, որ օրենսդիր չմտան արևմտամետ այնպիսի ուժեր, ինչպիսիք են Ազատ դեմոկրատները և Հանրապետականները: Փոխարենը, Հայրենասերների դաշինքը, որը դեմ է արտահայտվում Վրաստանի արևմտյան ուղղությանը, խորհրդարանում լինելու դեպքում ակտիվորեն կհամագործակցի իշխանության հետ»:
Վրաստանում ռազմավարական հետազոտությունների և միջազգային հարաբերությունների փորձագետ նոդար Խարշելիձեն կարծում է, որ սա բացասաբար է ազդելու երկրի զարգացման վրա և ավելի լավ կլիներ, եթե Խորհրդարանը լիներ բազմակուսակցական և որոշումների ընդունումը կախված լիներ կոնսենսուսից։
Վրաստանի «GIPA» հանրային կապերի ինստիտուտի միջազգային ահարաբերության ծրագրի ղեկավար Թոռնիկե Շարաշենիձեն կարծում է, որ այս ընտրություններին Ազգային շարժումը կատարեց առաջադրանքը: 2012-ի պարտությունից հետո նրանց ուժը ոչ միայն պահպանվեց, այլ նաև ավելի շատ ձայն ստացավ քան տեղական ինքնակառավարման և նախագահի ընտրությունների ժամանակ: Փորձագետները համոզված են, որ նացիոնալները (Միացյալ ազգային շարժում) կարող են մի քանի լուրջ փոփոխություն մտցնել Սահամանադրության մեջ: Ամենասպասվող փոփոխություններից են Խորհրդարանը Քութաիսիից Թբիլիսի տեղափոխելն է և նախագահի ընտրությունների համակարգի փոփոխությունը:
Սահմանադրական իրավունքի մասնագետ Վախուշտի Մենաբդեն կարծում է, որ Վրաստանը ամենայն հավանականությամբ կդառնա բացարձակ խորհրդարանական հանրապետություն, որտեղ վարչապետը իրավունք կունենա փաստացի միանձնյա կառավարել երկիրը: Այս դեպքում իշխանության բալանսի ոչ մի մեխանիզմ չի գործի։ Հիշեցնենք, որ մինչ այս, այդ դերը նախագահի ինստիտուտինն էր: