Խնդիրների հետ համակերպված իմ գյուղը՝ Թորիան (մաս 2). լուսանկարներ

Իմ հարազատ գյուղի՝ Ջավախքի Նինոծմինդայի շրջանում գտնվող Թորիայի մասին նախորդ անդրադարձս ավարտել էի «Խնդիրների ծիրում» ենթավերնագրով: Խնդիրների մասին խոսվում է ամեն օր ու ամենուրեք: 

Սակայն, ամեն բացվող առավոտի հետ մեր գյուղի ամենօրյա խնդիրներին ավելանում է ևս մեկը։ Յուրաքանչյուր առավոտ գյուղի երկու ծայրում վազվզելով, իրար հրմշտելով հավաքվում են 3-6 տարեկան երեխաները` վառվռուն աչքերով, կարմիր այտերով, կոկիկ հագուկապով։ Երկու թաղերի՝ ներքին ու վերին մայլաների բաժանված գյուղում ամեն առավոտ ավտոմեքենա ունեցող բնակիչներից երկուսը հավաքում են մանուկներին և ուղևորվում հարակից գյուղ՝ երեխաներին մանկապարտեզում տեղավորելու։

38891301_274968176567546_6746675971635544064_nԹորիայում մանկապարտեզ չկա ու մանկահասակ երեխաների ծնողները ստիպված ամեն օր՝ տարբեր խնդիրներ հաղթահարելով, չորս կմ անբարեկարգ ճանապարհով գյուղից գյուղ են անցնում ու ապահովում այս երեխաների, այդքան կարևոր, կրթության իրավունքը։ Ու չնայած վերջին տարիներին մեր գյուղում նկատվում է ծնելիության աճ, սակայն մանկապարտեզ ունենալու մասին անգամ չի էլ խոսվում։ Ու, հավանաբար, դեռ մի քանի սերունդ էլ ստիպված կլինի դարուփոս ճանապարհով ընթացող մեքենաներում անցկացնել մանկությունը։

38933059_214049972789475_4727485685416591360_n

Ինչ վերաբերում է ճանապարհներին, ապա դրանք մի առանձին անդրադարձի թեմա են։ Միայն նշեմ, որ վերջին տարիներին շրջկենտրոն Նինոծմինդայից մինչև հայկական գյուղեր (Ղաուրմա, Հեշտիա, Թորիա, Ուջմանա) տանող ասֆալտը, տասնամյակներ շարունակ անխնա ծառայելուց հետո, այսօր հազիվ է նշմարվում, իսկ անձրևաջրերը հարմար տեղավորվում են տեղ-տեղ երևացող ասֆալտների արանքում։ Իշխանությունները խոստացել են այս տարի ամբողջական ասֆալտապատում, սակայն պատմությունն ու փորձը ցույց են տվել, որ պետք է ուրախանալ միայն սեփական աչքերով տեսնելուց հետո:

39032262_304196183668692_3800599839922716672_n

Ինչպես ողջ երկրում, այնպես էլ մեր շրջանում և հենց իմ գյուղում գործազրկությունը թիվ մեկ խնդիրն է։ Գյուղի տղամարդկանց մեծամասնությունը տարվա հիմնական մասը ստիպված անցկացնում է Ռուսաստանում աշխատելով: Ամռանը գյուղը գրեթե դատարկվում է: Յուրաքանչյուր մեկնող տղամարդու աչքերում անսահման կարոտ է, յուրաքանչյուր մեկնող տղամարդու թիկունքում վերադարձի սպասող անհամբեր հայացքներ։

Լինում են դեպքեր, երբ կարոտը շրջանցելու պատճառով ամբողջ ընտանիքով են մեկնում՝ մեկ կողպված դուռ էլ ավելացնելով գյուղում։

38918515_905308979666823_6988549172328660992_n

Արտագնա աշխատանքի միջոցով ընտանիքի ապրուստը հոգալու որոշումն այնքան էլ հեշտությամբ չի ընդունվել։ Սակայն մի համայնքում, որտեղ միայն գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն կա, մինչդեռ գյուղացու քրտնաջան աշխատանքը գրոշի արժեք չունի, մնում է օտար ափերում բախտ որոնելը։

38867319_1853058781481869_8912722859130880000_n

Եվ մեկնողների շարքերում շատ հաճախ երիտասարդներ էլ են։ Իսկ ուրիշ ինչո՞վ զբաղվեն նրանք։ Գյուղում չկա երիտասարդների համար նախատեսված որևէ վայր, զբաղմունք: 10-15 տարի առաջ եթե գյուղը ֆուտբոլի, վոլեյբոլի և այլ սպորտաձևերով շրջանում առաջատարներից էր, ապա այժմ սպորտով գրեթե չեն զբաղվում։ Երիտասարդությունը, հատկապես ձմռանը, փաստացի գտնվում է «բլոկադայի» մեջ:

39050616_293487024541136_560628102691028992_n

Այսօրվա դրությամբ ինչի՞ հետ է կապված գյուղի զարգացումը: Գյուղի զարգացումը ուղիղ կապ ունի գյուղացու գրպանի հետ: Մի քանի տարի գործում էր «Գյուղի զարգացման» ծրագիրը: Բավականին մեծ գումարներով իրականացվեցին տարբեր ծրագրեր, բայց արի ու տես, որ գյուղացին այդպես էլ չզգաց գյուղի զարգացումն ու պետության սատարումը։

38872956_2068269433503349_3935349400838078464_n

Ապրելով իրեն ժողովրդավար հռչակած երկրում, որտեղ, ըստ էության, պետք է ժողովրդի կամքով ձևավորված և նրա շահերը պաշտպանող իշխանություն լիներ, սակայն ստացվում է, որ իշխանությունները ցանկանում են ժողովրդին պահել փակուղու մեջ: Այսինքն, ըստ նրանց, մարդիկ պետք է հավերժ շնորհակալ լինեն 21-րդ դարում էլեկտրականություն, գազ, կամ ջուր ունենալու համար:

Ու թեև այս բաղադրիչները, իհարկե, կարևոր են, սակայն կան բազում այլ խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում։

38822014_2008444015853983_463773592279056384_n 38943686_1821339834620845_6736529691219329024_n

Թողնել պատասխան