Թինա Խիդաշելիի` պարտադիր զինծառայության չեղարկման հրամանի վերաբերյալ արդեն հնչել են քննադատական արձագանքներ:
Մասնավորապես Վրաստանի նախագահը այս առիթով հայտարարել է, թե Խիդաշելին չպետք է միայնակ որոշումներ կայացներ. «Չնայած այն բանին, թե այդ որոշումները որքանով են ճիշտ, կամ ես համաձայն եմ դրա հետ, թե` ոչ, նման որոշումները չպետք է կայացվեն մեկ անձի կողմից, այլ պետք է կոլեգիալ քննարկվեն, ինչպես Կառավարության, այնպես էլ ազգային անվտանգության նիստերում: Ես որոշման ճիշտ լինելուն գնահատական չեմ տալիս, այլ խոսում եմ ձևի մասին, որ նմանօրինակ որոշումները պետք է ընդունվեն ավելի ինտենսիվ խորհրդակուցություններից հետո»,- ասել է նախագահը` հավաստիացնելով, որ տեղյակ չի եղել նախարարի` նման որոշում ընդունելու մտադրության մասին:
Խնդրին է անդրադարձել նաեւ երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Կառավարության ղեկավարը ևս կարծում է, որ որոշումն ընդունվել է միանձնյա, ինչը` սխալ է: Ըստ վարչապետի~ այն պետք է քննարկվեր Կառավարության նիստի ձեւաչափով, ինչպես նաև Անվտանգության խորհրդի կողմից:
խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին վստահ է, որ պարտադիր զինծառայության օրենքի փոփոխությունը Թինա Խիդաշելին չի համաձայնեցրել ո’չ նախագահի, ո’չ Անվտանգության խորհրդի, ո’չ վարչապետի եւ ո’չ էլ խորհրդարանական հանձնաժողովի հետ. «Այս պաշտոնում իրեն երկու շաբաթ է մնացել, և այդպիսի պատասխանատու որոշում կայացնելով` հայտարարում է, թե ապագա նախարարին օրենքը դուր չգալու դեպքում թող փոփոխի, սա` սխալ է» : Հատկանշական է, որ Սեսիաշվիլիի թեկնածությունը ևս դիտարկվում է Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում:
«Գիրչի» քաղաքական միավորման առաջնորդ Գուգա Չափիչաձեն ևս քննադատել է այս որոշումը, այն պոպուլիստական որակելով: Նա այն կարծիքին է, որ այս հրամանը իրական փոփոխությունների հետ ոչ մի կապ չունի, այլ վերաբերում է միայն այն քաղաքացիներին, որոնց զորակոչում էր Պաշտպանության նախարարությունը, իսկ Ներքին գործերի և Պրոբացիայի նախարարությունների կողմից զորակոչվող մնացած 75 տոկոսին` ոչ. «Թինա Խիդաշելին հոկտեմբերից հետո այլեւս նախարար չի լինի, ինչը նշանակում է, որ հրամանը կչեղարկվի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրացական երազանքի հաղթանակի դեպքում Պաշտպանության նախարար կդառնա պարոն Սեսիաշվիլին, ով կտրականապես դեմ է այս որոշմանը: Անհրաժեշտ է, որ պատգամավորները սատարեն «Գրիչի»-ի` պարտադիր զինվորական ծառայության վերացմանը դեմ դուրս գալու նախաձեռնությանը, այլապես ստիպված ենք լինելու անընդհատ գուշակել, թե ի՞նչ են որոշելու նոր նախարարները»,-ասել է Չափիչաձեն: