Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլիի տեղեկատվությամբ, այսպես կոչված «խելացի տեսախցիկներ»-ի աշխատանքի առաջին օրն եւեթ տուգանվել են մգեցված ապակիներով ավտոմեքենաների վարորդները:
«Պալիտրանյուս» հեռուստաընկերության «360 աստիճան» հաղորդման եթերում Խուցիշվիլին հայտարարել է, թե որոշակի կատեգորիաների հատուկ մեքենաներից բացի, տուգանվելու են բոլոր ավտոմեքենաները, անկախ նրանից՝ մեքենան պետական, թե մասնավոր պատկանելիություն ունի:
«Այս ծրագիրն աշխատում է եւ մեր նպատակն է, որ բոլորը պահպանեն օրենքը: Տուգանում ենք բոլորին, բացի որոշակի կատեգորիաների մեքենաներից՝ շտապ օգնություն, հրշեջ, հատուկ նշանակության ջոկատայիններ եւ այլն, սակայն եթե որեւէ դեպարտամենտի ղեկավար աշխատանքից դուրս գա կամ հանգստի ժամին խախտի երթեւեկության կանոնները՝ կտուգանվի»,- հայտարարել է Խուցիշվիլին: