Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտնել է, որ շնորհիվ իր և ՌԴ-ի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ բանակցությունների՝ հաջողվել է հայրենիք վերադարձնել Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր ռուսական բանտերում պատիժ էին կրում լրտեսության մեղադրանքով: Ներկայումս երկրների միջև երկխոսությունը պահպանվում է Ժնևյան բանակցությունների և Աբաշիձե-Կարասին պարբերական հանդիպումների շրջանակներում: Բանակցություներն անցնում են ավանդաբար Պրահայում, ներառում են միայն հումանիտար և տնտեսական հարցերով քննարկումներ:
«Մենք ազատել ենք մեր ութ քաղաքացիներին, ովքեր բազմամյա պատիժ էին կրում լրտեսության մեղադրանքով: Իրենց սպասում էր դեռ մի քանի տարվա պատիժ, բայց նրանք արդեն Վրաստանում են, վերադարձել են իրենց ընտանիքներ»,- ասել է Աբաշիձեն:
Վրաստանի օգտին լրտեսության համար պատիժ է կրում նաև Ռուսաստանի մի քանի քաղաքացի. «Նրանք Վրաստանի քաղաքացիներ չեն, այդ պատճառով մենք այդ մարդկանց Ռուսաստանից Վրաստան տեղափոխելու հարցը չենք դրել: Խոսք է գնում, որ մարդասիրական նկատառումներից ելնելով՝ նրանք ազատ արձակվեն ժամկետից շուտ»,- Աբաշիձեի խոսքերն է մեջբերում Apsny.ge-ն:
Հիշեցնենք՝ Վրաստան-ՌԴ դիվանագիտական հարաբերություններն ընդհատվել են 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո՝ Թբիլիսիի որոշմամբ՝ ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման: Վրաստանի կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկը ՌԴ-ի հետ հարաբերություններն են, դրա հետ մեկտեղ Վրաստանը շարունակում է արևմտամետ ուղղությունը, գրում է պարբերականը։