
Լոռու մարզն ամենաշատ թվով ընտրողներն ունի՝ 238.975: Մարզի 110 համայնքներում 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է գործում, որոնք համակարգում են 221 ընտրատեղամասերի աշխատանքը: Որոշ լրատվամիջոցներ արդեն ահազանգում են ընտրախախտումների մասին: «Ելք» դաշինքի վստահված անձինք տեղեկացրել են, որ հաճախ կտրոնի համարը չի համապատասխանում մատյանում նշված համարին, նաև քաղաքացիները չօգտագործված քվեաթերթիկները խցից դուրս են հանում:

Որոշ տեղամասերում Հայաստանի հանրապետական կուսակցության և Հայաստանի կոմունիստական կուսակցության քվեաթերթիկների անկյունները սևացրած են եղել։ Այս մասին ահազանգել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը: Դեպքեր կան, երբ քաղաքացիները ներկայացել են օգնականներով, թեև դրա անհրաժեշտությունը չի եղել:
Մարզկենտրոն Վանաձորի 23-57 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Հայարփի Սարգսյանն «Ալիք»-ի հետ զրույցում մտավախություն հայտնեց, որ անվավեր քվեաթերթիկների թիվը կարող է շատ լինել, այդ պատճառով քվեաթերթիկները հանձնելիս ընտրողներին հնարավորինս իրազեկում են քվեարկության նոր կարգին, խնդիր է առաջանում հիմնականում քվեախցում՝ հատկապես թերթիկները աղբարկղեր նետելու հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 5 կուսակցություն (ՀՀԿ, ՀԿԿ, ՀՎԿ, ՀՅԴ, Ազատ դեմոկրատներ) և 4 դաշինք (Ելք, ՕՐՕ, Կոնգրես-ՀԺԿ, Ծառուկյան): Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների առնվազն 5, դաշինքներին՝ 7%-ը: