Լեռնային շրջանների զարգացման ծրագիրը կշարունակվի, կընդարձակվի և լեռնային շրջաններին առանձնահատուկ ուշադրություն կդարձվի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Վարչապետը այսօր ծրագրի արդյունքներից է խոսել։
«Այս ծրագրի նպատակն է ոչ միայն աջակցել բարձրլեռնային գոտիներում ապրող քաղաքացիներին, այլ նաև հնարավորինս շատ մարդու վերաբնակեցնել այնտեղ։ Նախորդ տարվա ընթացքում այս ծրագրից օգտվել է 7200 ընտանիք։ 70 000-ից ավելի թոշակառուներ են օգտվել այս ծրագրից, ինչը նշանակում է թոշակի 20 տոկոսի ավելացում։ 80 000-ից ավելի ընտանիք էլ օգտվել է էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումից։ Այս ծրագիրն անպայման կշարունակվի և կընդարձակվի, սա առաջիկայում էլ մեր քաղաքականության և ռազմավարության հիմնական բաղադրիչներից մեկն է լինելու»,- հայտարարել է վարչապետը։
Նրա խոսքով, կառավարության այսօրվա նիստի գլխավոր թեման բարձրլեռնային բնակավայրերի զարգացման ֆոնդի ֆինանսավորման հարցն է եղել։
«Բարձրլեռնային բնակավայրերի ֆոնդում նախատեսված 20 մլն լարիից 10 մլն լարին կհատկացվի շրջաններում ենթակառուցվածքների համար նախատեսված ծախսերին, 3 մլն լարին՝ շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության ծրագրերի շրջանակներում՝ «Ստեղծիր ապագա» բարձրլեռնային գոտիներում հատապտուղ մշակաբույսերի աճեցմանը, 7 մլն կհատկացվի գյուղատնտեսության կոոպերատիվների կողմից պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի խելամիտ օգտագործման ծրագրին»,-ասել է Կվիրիկաշվիլին՝ հավելելով, որ Վրաստանում 3700 բնակավայրերից կեսին բարձրլեռնային բնակավայրի կարգավիճակ է տրվել։