
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն վրաստանցիներին շնորհավորել է վիզայի ազատականացման մեկ ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ թեև այն մեծ արտոնություններ է տվել երկրին, սակայն ավելացրել է նաև պատասխանատվության բեռը։
Խորհրդարանի նախագահը նշել է, որ անհրաժեշտության դեպքում Վրաստանի օրենսդիր և գործադիր մարմինները միասին կաշխատեն վիզայի ազատականացման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների վրա։
«Շատ կարևոր է, որ մենք արժանապատվորեն ներկայացնենք մեզ՝ մեր եվրոպացի ընկերների առջև, ինչը կդառնա Եվրոպային և Եվրամիությանն առավել մոտենալու գրավականը։ Վիզայի ազատականացման հետ կան որոշակի մարտահրավերներ և մենք այս ամենի մասին պիտի հոգանք»,- ասվում է Կոբախիձեի հայտարարության մեջ, որը տարածել է խորհրդարանի լրատվական ծառայությունը։