«Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստվում է կուսակցության հինգերորդ համագումարին: Վաղը կայանալիք համագումարին կուսակցության նոր նախագահ կընտրվի Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին։ Կընտրվեն նաև քաղաքական խորհրդի նոր անդամներ:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի կարծիքով Իվանիշվիլիի վերադարձը փոփոխություններ կբերի վրաստանյան քաղաքական կյանքում։
Ըստ Կալաձեի՝ կուսակցությունում կատարված փոփոխությունները նշանակալի կլինեն ինչպես թիմի, այնպես էլ ընդհանուր քաղաքական դաշտում։
«Վրաստանի քաղաքական կյանքում կան զգալի փոփոխություններ, թեկուզ այն, որ Բիձինա Իվանիշվիլին կուսակցության առաջնորդն է դառնում: Մենք շատ կարևոր փոփոխություններ ենք նախատեսել, կլինեն փոփոխություններ նաև կուսակցության աշխատանքներում», — ասել է Կախա Կալաձեն:
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուին, Թբիլիսիի քաղաքապետը ասում է, որ այդ հարցը դեռևս օրակարգում չէ: