Վրաստանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Փիքրիա Չիխրաձեն քննադատական մեկնաբանություն է արել միլիարդատեր և իշխող կուսակցության ոչ պաշտոնական առաջնորդ Բիձինա Իվանիշվիի` վերջերս արած արտահայտությունների վերաբերյալ:
Վերջին օրերին Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հետ երկու մեծամասշտաբ հանդիպումներ է ունեցել` մի քանի ժամ տևողությամբ, որոնց ընթացքում նախկին վարչապետը անդրադարձել է բոլոր ոլորտներին` շեշտը, սակայն, դնելով քաղաքականության վրա: Նա նաև բաց խոսել է ներկա և նախկին նախագահների հետ իր հարաբերությունների մասին, մեկ անգամ ևս հաստատել Մարգվելաշվիլիի հետ իր վատ հարաբերությունները, ում հետ նա չի շփվում այն բանից հետո, երբ նախագահը հրաժարվեց լքել Հավլաբարում տեղակայված նախագահական նստավայրը, որը կառուցվել էր Միխաիլ Սահակաշվիլիի օրոք: Նախագահի խորհրդականը ասել է.
«Նրա հայացքները այսպիսին են` Վրացական երազանքից ցանկացած վարչապետ, ով էլ որ լինի, յուրաքանչյուր կես տարին մեկ անգամ պարտավոր է գնալ Իվանիշվիլիի մոտ, աշխատել շարունակելու թույլտվություն ստանալու համար: Իվանիշվիլին կարծում է, որ նախագահը պետք է խորհրդակցի իր հետ` որտեղ և ինչպես աշխատի, որ դատարանը պետք է խորհրդատվության գա իր մոտ, օրինակ կողմերից որի՞ օգտին որոշում կայացնի, վերցնենք թեկուզ «Ռուսթավի 2»-ի գործը, որպեսզի լրատվամիջոցները կառավարվեն իր ճաշակով և ցանկությամբ և այլն»:
Ըստ խորհրդականի` Իվանիշվիլիի այս տարօրինակ մոդելը ավելի է ամրապնդվելու նախընտրական քարոզարշավի ընթացքում: Այլ կերպ ասած` Իվանիշվիլիի հայացքները հանդիսանում են կուսակցության հայացքները ևս: Չնայած, որ Իվանիշվիլին պաշտոնապես ոչ մի աթոռ չի զբաղեցնում, սակայն հենց ինքն է վարում կառավարության կադային քաղաքականությունը` վստահ են շատերը: Նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին Իվանիշվիլին նշանակեց իր փոխարեն, ով նախորդ տարի հրաժարական տվեց, ներկա վարչապետին Իվանիշվիլին անվանում է իր` «երիտասարդության երազանքների մարդ»: