Նոյեմբերի 18-ին Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին ներկա են եղել Վրաստանի կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսը, Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլիա 2-րդը, ինչպես նաև երկրի ավանդական կրոնական համայնքների ներկայացուցիչներ: Խորհրդարանի առաջին նիստին, սակայն, չի մասնակցել Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վիրահայոց թեմի ներկայացուցիչը: Ինչպես Ալիքի հետ զրույցում նշեց Վիրահայոց թեմի մամլո դիվան Սուսաննա Խաչատրյանը, թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը խորհրդարանի առաջին նիստին չի մասնակցել՝ երկրից բացակայելու պատճառով:
Մամլո դիվանի խոսքով, խորհրդարանում Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին փոխարինելու լիազրություն ուներ Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, ով նույնպես չի մասնակցել:
«Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին հրավիրված էր Վիրահայոց թեմի առաջնորդը, ով այդ օրերին երկրից բացակայում էր: Կրոնի հարցերով գործակալությունը նիստին մասնակցելու նպատակով նախապես ներկայացրել էր Վազգեն սրբազանի անունը, սակայն, երբ պարզ դարձավ, որ սրբազանի փոխարեն նիստին Խորեն վարդապետ Հովհաննիսյանը պիտի ներկայանա, մենք հարցով դիմեցինք խորհրդարանին։ Խոսակցությունը տեղի է ունեցել բանավոր, փաստացի գրավոր չի հաստատվել փոփոխությունը և որպեսզի խնդիրներ չառաջանան, հայր սուրբը ձեռնպահ է մնացել նիստին ներկայանալուց»,- Ալիքի հետ զրույցում պարզաբանեց Սուսաննա Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին 9-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը բացել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։