Ներկայի ու անցյալի խաչմերուկում ապրող իմ գյուղը՝ Թորիան

Ամեն մարդ ունի իր «աշխարհը»: Ես մտածում եմ, որ ամեն մարդու «աշխարհը» սկսվում է հենց իր ծննդավայրից: Հենց ծննդավայրի, մանկության, հայրենի գյուղի/քաղաքի մշակույթն ու սովորություններն են ուղեկցում մեզ ամբողջ կյանքի ընթացքում: Ու որտեղ էլ լինենք, որքան էլ հեռու կամ մոտ լինենք մեր ծննդավայրին, այդ մեծ աշխարհը հավերժ բաբախում է մեր սրտի մի անկյունում։

Իմ սրտի տակ բաբախող այդ աշխարհը գյուղս է՝ Թորիան, Աբուլ լեռան վրա բազմած իմ ամենաթանկ ժառանգությունը։

IMG_2303Սկիզբը

Գյուղս գտնվում է Վրաստանի մի հրաշագեղ շրջանում՝ Ջավախքում, Նինոծմինդա քաղաքից հյուսիսարևելք՝ 12 կմ հեռավորության վրա։

Թորիան հիմնադրվել է 1828-1830 թթ. Արևմտյան Հայաստանից գաղթած յոթ ընտանիքների կողմից: Գյուղի հիմնադիրներից են եղել՝ Դոշոյանները, Նիկողոսյանները, Պետրոսյանները, Մալխասյանները, Լոքյանները, Սարուխանյանները և Տոնականյանները: Ավելի ուշ գյուղում բնակություն են հաստատել ևս 13 տոհմերի ներկայացուցիչներ:

«Հայկական Սովետական Հանրագիտարանում» նշվում է, որ թորիացիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Խնուս գավառի Ձիթհանքով գյուղից, իսկ գյուղը սկզբում կրել է Ձիթհանքով անվանումը, հետագայում անվանվել է Թորիայի: Այլ աղբյուրների համաձայն, թորիացիները գաղթել են Թեքման գավառի Քյուլլի գյուղից:

IMG_2384Սակայն, հատկանշական է, որ մինչ մեր նախնիների գյուղում հաստատվելը, այս տարածքում եղել են հին բնակավայրեր։ Այդ մասին են վկայում ամրոցների փլատակները, գետնափոր տներն ու գետնափոր հաղորդակցման միջոցները՝ տարբեր տարածությունների միջև:

Այս կողմերում բնակչության հիմնական զբաղմունքը, սովորաբար, անասնապահությունն ու հողագործությունն է: Սակայն, ցավոք, մեր օրերում դժվար կլինի պատկերացնել, թե մարդիկ կկարողանան ապրել միայն ապավինելով բնությանը, և այստեղ բնության հետ մրցակցում է հարևան երկիրը՝ Ռուսաստանը, ուր ամենաշատն են մեկնում արտագնա աշխատանքի։

IMG_2315Մինչդեռ տարիներ առաջ՝ Խորհրդային միության ժամանակներում, այստեղ գյուղատնտեսությունն ամենաարդյունավետ ոլորտներից էր, գյուղը զարգացած էր ու ապահովված հարկավոր բոլոր ենթակառուցվածքներով ու, հավանաբար, հենց դա է պատճառը, որ ԽՍՀՄ փլուզումից շուրջ 30 տարի անց էլ մի թաքուն կարոտ է ննջում այս կողմերի տարեց բնակիչների հոգում։

20180408_183142Այստեղ գյուղացիները զբաղվել են ոչ միայն անասնապահությամբ ու դաշտավարությամբ, այլ նաև բրուտագործությամբ: Առանց վարանելու կարելի է ասել, որ թորիացիները Ջավախքի ամենահմուտ բրուտներն են եղել և մնում են մինչ օրս: Մինչև հիմա գյուղի մոտակայքում պահպանվում է կավի հանք, ինչից գյուղացիները պատրաստում են հայկական ավանդական թոնիրներ, կճուճներ և այլ կենցաղային պարագաներ:

Ներկայի ու անցյալի խաչմերուկում

Ու թեև նախորդ դարում մնացած, շատերի համար երանելի խորհրդային միության տարիներն արդեն վաղուց անցյալ են, սակայն այժմ էլ գյուղն ասես բաժանված լինի «երկու հասարակությունների»։ Առաջինը դեռևս ԽՍՀՄ ժամանակաշրջանում ապրող, և ԽՍՀՄի գաղափարախոսությունն ընդունող մարդիկ են, իսկ երկրորդը՝ անկախ Վրաստանի հայազգի քաղաքացիներ, ովքեր ունեն այլ մտածելակերպ և կյանքի այլ մարտահրավերներ:

Սակայն անցյալի ուրվականն այստեղ ամենուր է, այստեղով ժամանակը զգուշորեն է անցնում՝ ամեն բան թողնելով իր տեղում։ Արդեն շուրջ 30 տարի նույն ճանապարհներն են, նույն շինությունները։

Միայն կարծես մարդիկ են փոխվել, պակասել են, ալեհեր դարձել, շատերն էլ նոր են ու փորձում են հարմարվել այստեղի կյանքի կանոններին։

Վրաստանի «Էթնիկական և բազմամշակութային ուսուցման կենտրոնի» 2014 թվականի տվյալներով գյուղում ապրում է 491 մարդ:

IMG_2363Գյուղի կրթօջախում՝ միակ դպրոցում, այսօր ուսանում է 81 աշակերտ, մինչդեռ

նախորդ դարի 70-ից 80-ական թվականներին դպրոցն ունեցել է ավելի քան 350 աշակերտ:

Դպրոցին կից կառուցված է Հայրենական մեծ պատերազմում զոհված 73

 համագյուղացիների հիշատակին նվիրված հուշարձանը։

IMG_2283Թորիա գյուղի գլխավոր այցեքարտերից է Սուրբ Աստվածամայր եկեղեցին: Եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են 1843 թվականին և ավարտին են հասցվել միայն 1905 թվականին: Խորհրդային միության տարիներին եկեղեցին ծառայել է որպես պահեստ: Ներկայումս եկեղեցին գործում է, սակայն գտնվում է ոչ բարվոք վիճակում։ Գարնան տաք օրերի սկզբի հետ մեկտեղ սկսվել են նաև եկեղեցու տանիքի նորոգման աշխատանքները:

IMG_2294Իսկ բարձունքում՝ Քարոտ սար կոչվող սարի լանջին, Սուրբ Տոմինիկոս մատուռն է, որից ներքև տարածվում է գյուղը: Սուրբ Տոմինիկոս մատուռի կողքին է գտնվում ձիանման մի տապանաքար, որը գյուղացիների կողմից 1966 թվականին հայտնաբերվել: Նմանատիպ մի այլ տապանաքար էլ գտնվում է Թորիա գյուղից Հեշտիա գյուղ տանող ճանապարհի վրա, որը հայտնի է «Խոչ քար» անվանմամբ: Տապանաքարերը վկայում են անհիշելի ժամանակներից մեր գյուղի տարածքում հին բնակավայրերի առկայության մասին:

IMG_2350Գյուղի կենտրոնում է գտնվող աղբյուրը, որն արդեն յուրօրինակ հուշակոթող է դարձել: ԽՍՀՄի փլուզումից հետո, երբ ջրամատակարարումն ընդհատվել է գյուղում, տասնամյակներ շարունակ հենց այս աղբյուրն է գյուղին ապահովել ջրով: Բազմաթիվ ջանքերի շնորհիվ ի վերջո 2016 թվականին Թորիա գյուղում վերականգնվեց ջրամատակարարումը։

Խնդիրների ծիրում

IMG_2327


Թեև
ամեն օր լսում ենք «պետության զարգացում» արտահայտությունը, սակայն այս գյուղերում շրջելիս հասկանում ես, որ այդ զարգացումը դեռ այստեղ չի հասել ու կարծես այնքան էլ մոտ չէ այդ օրը։ Խորհրդային միության հնամաշ ժառանգությունն այստեղ ամենուր է, ինչը կյանքը, միանշանակ, ավելի հեշտ չի դարձնում։ Խնդիրների երկար շարանի մասին կներկայացնենք հաջորդ անդրադարձում։

Շարունակելի․․․

Թողնել պատասխան