Վրաստանի Գերագույն դատարանը այսօր պաշտոնապես անմեղ է ճանաչել փորձագետ Լևան Չաչուային: Դատարանի հրապարակած վճռում ասվում է, որ փորձագետի հանդեպ, ով Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան վերաբերյալ զեկույցի հեղինակն է, հարցեր չեն առաջանում:
«Չնայած դատարանի որոշմանը, իշխող թիմը («Վրացական երազանք»-ը) շարունակում է նախկին վարչապետի մահվան որոշ հանգամանքների վրա ուշադրություն սևեռել»,- գրում է ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Փորձագետի փաստաբանը հայտարարել է, որ կառավարությունը Չաչուային պետք է փոխհատուցի: Նշվում է, որ հավանաբար այս հարցի շուրջ դատարանը լսումներ կանցկացնի:
Հիշեցնենք, որ 2005 թվականի փետրվարի 3-ին հայտնի դարձավ Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան մասին լուրը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ժվանիայի դին հայտնաբերվել էր Թբիլիսիի մի բնակարանում։ Պաշտոնական տեղեկատվությամբ, նախկին վարչապետը մահացել է գազի արտահոսքից, սակայն տարբեր լուրերի համաձայն` նրա մահը ծրագրված էր: Որոշ պաշտոնյաներ եւ քաղաքական գործիչներ Ժվանիայի սպանության մեջ մեղադրում էին հենց Ժվանիայի զինակից, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին:
«Վրացական երազանք»-ի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մինչ իշխանության գալը հայտարարել էր, որ շարուանկելու է Ժվանիայի մահվան գործի քննությունը: