Նոյեմբերի 9-ին պարզ դարձավ, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պաշտոնում է ընտրվել Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը: Երբևէ քաղաքական պաշտոններ չզբաղեցրած գործարարը, որը նախընտրական շրջանում արված գրեթե բոլոր հարցումների արդյունքում հետ էր մնում Դեմոկրատական կուսակցության թեկնածու՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից, այժմ տոնում է իր հաղթանակը։ Թրամփը շնորհավորական ուղերձներ է ստանում աշխարհի տարբեր երկրներից։
Վրաստանի ներկա իշխանությունները նույնպես շնորհավորել են Թրամփին, իսկ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հիշեցրել է նորընտիր նախագահի հետ իր ընկերության մասին։ Նա ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Թրամփի հետ իր ծանոթությունը 20 տարվա վաղեմություն ունի։ 2012-ին, երբ Սահակաշվիլին նախագահի պաշտոնում էր, միլիարդատեր Դոնալդ Թրամփն այցելեց Վրաստան։ Ապրիլի 22-ին Թրամփն ու Սահակաշվիլին Բաթումիում մասնակցեցին «Թրամփ Թաուեր» երկնաքերի մակետի շնորհանդեսին։
«Trump tower»-ը պետք է կառուցվեր «Silk Road Group» կազմակերպության աջակցությամբ և արժենար մոտ 250 մլն դոլար: Կազմակերպության անշարժ գույքի հարցերով տնօրեն Գիորգի Մարին լրագրողներին ասել էր, որ «Trump tower»-ը նախատեսված է հայ, ադրբեջանցի, ռուս զբոսաշրջիկների համար, ովքեր իրենց հանգիստը հիմնականում նախընտրում են Սև ծովի աջարական ափերին կազմակերպել։ Ավելի ուշ՝ Մարը ասել էր․ «Նրանց երկրներում ճգնաժամային իրավիճակը մեզ հետ է պահում շինարարություն սկսելուց: Թրամփի հետ մենք պարբերաբար հաղորդակցվում ենք այս թեմայով, հնարավոր է ծրագիրը փոփոխության ենթարկվի»:
Այդ օրերին լրատվամիջոցները գրում էին, որ Վրաստանն Արևելյան Եվրոպայում առաջին երկիրն է, որտեղ Թրամփի գլխավորած «Trump corporation»-ը փորձում է ծրագիր իրականացնել, սակայն, երկնաքերի շինարարությունը չսկսվեց, որովհետև՝ ինչպես Աջարիայի իշխանություններն են նշում, կոնկրետ նախագիծ չի ներկայացվել։ Բացի այդ, նշվում էր, որ շենքի շինարարությունը պետք է սկսվեր 2013 թ-ից, սակայն 2012-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այն չսկսեց: «Դուք՝ այստեղ բնակվողներդ, չեք էլ կարող պատկերացնել, թե աշխարհում որքան են տարված Վրաստանում տեղի ունեցած հրաշքներով։ Դրանք հենց նախագահի շնորհիվ են»,-Վրաստանում ասել էր Թրամփը՝ Սահակաշվիլիին «աննման» անվանելով։
Վրաստանով հիացած գործարարն այնուհետև ամերիկյան Fox News հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ Բաթումի քաղաքը կարող է դառնալ աշխարհի լավագույն վայրերից մեկը։ «Washington post» պարբերականին տված հարցազրույցներից մեկում Թրամփը խոստովանել է, որ Վրաստանի հանդեպ իր մեջ հետաքրքրություն է առաջացրել Միխեիլ Սահակաշվիլին, ով իրավաբանական կրթություն է ստացել Նյու Յորքում, Թրամփի կարծիքով, առանձնանում է իր ամերիկամետ քաղաքականությամբ: Հավելենք, որ Վրաստանում Սահակաշվիլին Թրամփին պարգևատրել է «Գերազանցության» շքանշանով՝ նշելով, որ օտարերկրացիներին հազվադեպ շնորհվող այս պարգևը Թրամփը ստանում է, քանի որ չի վախենում մարտահրավերներից։