Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) ուսանողները ստիպված կլինեն ուսումը շարունակել Տուրիզմի կենտրոնում, եթե «115 լսարանը» շարունակի գրավված պահել 6-րդ մասնաշենքը։
Այս մասին «interpressnews» լրատվականին փոխանցել է ԹՊՀ-ի լրագրության բաժնի ղեկավար Նինո Ճալագանիձեն: Վերջինս տեղեկացրել է, որ նախորդ կիսամյակի ընթացքում 6-րդ մասնաշենքի ուսանողները դասախոսությունները լսել են համալսարանի տարբեր մասնաշենքերում, ինչն իր բացասական ազդեցությունն է ունեցել ուսման որակի վրա:
«Այսօր մեզ համար առաջնահերթություն էր ուսումնական գործընթացը մեկ տեղում կազամակերպելը: Այս հարցով մեզ օգնեց Տուրիզմի կենտրոնը, որ գտնվում է Դելիսի փողոցում»,- նշել է Ճալագանիձեն:
Հիշեցնենք՝ «115 լսարան» ուսանողական շարժման անդամները 2016թ․-ի նոյեմբերի 24-ից պաշարել են ԹՊՀ-ի 6-րդ մասնաշենքը, որտեղ տեղակայված է լրագրության բաժինը: Շարժման անդամները շարունակում են պնդել, որ չեն ազատելու մասնաշենքը մինչեւ իրենց պահանջները, որոնք վերաբերում են ինքնավար համալասարանի ու որակյալ կրթության հարցերին, չիրականանան: