Թուրքիայի Օրդուս նահանգում աշխատանքի տեղավորված 17 վրացիները վերադարձել են Վրաստան: Նրանք ընկույզ հավաքելու նպատակով Թուրքիա էին մեկնել մեկ ամիս առաջ, վերադառնալով նշել են, որ գործատուն նրանց աշխատած գումարի կեսը չի վճարել:
«Գործատուն մեզ պարտք է 15 հազար լիրա: Մենք ապրում էինք վատ պայմաններում, չունեինք սնունդ և ջուր: Տրապիզոնում Վրաստանի հյուպատոսարանի օգնությամբ գործատուին դատի ենք տվել»,-ասել է նրանցից Սալոմե Դվալիշվիլին:
Նրանց տեղեկատվությամբ, թուրք իրավապահները գործատուին տուգանել են 160 հազար լիրայի չափով՝ պարտավորեցնելով փոխհատուցել աշխատողների աշխատավարձերը:
Թուրքական կողմը նախորդ տարվա սեպտեմբերին նոր օրենք է ընդունել, որը օտարերկրյա քաղաքացիներին գյուղատնտեսության ոլորտում օրինական սեզոնային աշխատանքի հնարավորություն է տալիս:
Ամեն տարի թեյ հավաքելու շրջանում Թուրքիա են մեկնում Վրաստանի հազարավոր քաղաքացիներ: Տրապիզոնում Վրաստանի հյուպատոսության տվյալներով, 2018 թվականին Թուրքիայի շուրջ 6 նահանգների թեյի պլանտացիաներում Վրաստանի շուրջ 10 հազար քաղաքացի է աշխատանքի տեղավորվել, իսկ մոտ հազար մարդ աշխատանքի է անցել թեյի գործարանում: