Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլում Ալիք մեդիայի եւ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում, խոսել է ապրիլի 24-ին ընդառաջ թուրքական խորհրդարանում իր հայտնի ելույթի և դրա հետևանքների մասին:
Հիշեցնենք` Փայլանը մեկ առ մեկ ընթերցեց 1915-ին Թուրքիայում սպանված հայ պատգամավորների անունները` ցուցադրելով նրանց նկարները: Պատգամավորն ասում է` թուրք ժողովորդը ոչինչ չգիտի իր պատմության ու անցյալի մասին, Թուրքիան ստեղծվել է մեծ ստի և հանցանքի վրա. «Թուրքերը հայերի մասին մեկ նախադասություն գիտեն` նրանք դավաճաններ են, դավաճանել են մեզ, դրա համար մենք ստիպված ենք եղել նրանց հեռու ուղարկել: Նրանք չգիտեն, թե ինչ են արել հայերն այստեղ, չգիտեն նախկին պատգամավորների մասին: Ես ցանկանում էի ցույց տալ, որ այս երկրում եղել են հայ պատգամավորներ, և նրանց երազանքը միասին, խաղաղ ապրելն էր: Նրանք ուզում էին գտնել միասին ապրելու եղանակը» :
Փայլանի խոսքերով` հայտնի ելույթից հետո շատ պատգամավորներ մոտեցել ու զարմացած հարցրել են` իսկապե՞ս հայ պատգամավորներ է ունեցել Մեջլիսը: Ըստ Փայլանի, իր ելույթի` Թուրքիայում, Հայաստանում և հայկական սփյուռքում մեծ արձագանքի պատճառն այն է, որ իրենց հաջողվեց ապացուցել այն, որ ոչ թե հայերն են դավաճանել, այլեւ թուրքերն են գետնով տվել միասին ապրելու երազանքը: Ալիքի այն հարցին` արդյո՞ք Թուրքիայի խնդիրը ծայրահեղականությունից բացի, նաև գիտելիքի պակասն է, պատգամավորը պատասխանում է. «Այո, դժբախտաբար այստեղ գիտելիքի լուրջ պակաս կա: Նրանք թաքցնում են անցյալը, չեն ցանկանում բացել «սև արկղը», իսկ մենք պահանջում ենք բացել այն, թուրքերն ասում են, որ իրենք են այս երկրի հիմնադիրներ հերոսները, մինչդեռ մենք ասում ենք, որ նրանք հայոց ցեղասպանությունն իրականացնողներն են: Սա լուրջ խնդիր է նրանց համար, քանի որ այս երկրում Թալեաթ, էնվեր փաշաները դեռ ապրում են: Արդեն 100 տարի է` մենք ապրում ենք մի երկրում, որտեղ Թալեաթ, Էնվեր , Ջեմալ փաշաները հերոսներ են»:
Պատգամավորն ասում է, որ իրենք ջանում են այս մտածողությունը փոխել` ոչ միայն հայերի, այլև բոլորի համար: Նա այն համոզմունքին է, որ քրդերը հարյուր տարի անց անցնում են նույնի միջով` միայն այն պատճառով, որ Թուրքիան չի ընդունել հանցանքը, ինչն էլ թույլ է տալիս շարունակել հանցագործությունը: Փայլանն անդրադարձել է նաև Գերմանիայի խորհրդարանի` Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման շուրջ ծավալվող զարգացումներին: Պատգամավորը բանաձևի կարևորությունը տեսնում է այն տեսանկյունից, որ Գերմանիան, որը Առաջին համաշխարհայինի ժամանակ Թուրքիայի դաշնակիցն էր, այս կերպ փաստացի ընդունում է մեղսակցության իր բաժինը` Թուրքիային ևս կոչ անելով առերեսվել սեփական անցյալի հետ.
«Թուրքիայի վարչապետը, ցավոք սարսափելի պատասխան տվեց, հատկապես Օզդեմիրի մասին, թե պետք է նրա արյունը լաբորատորիայում ստուգել: Դա նացիստական պատասխան էր: Այսօր Թուրքիան սև օրեր է ապրում, ժողովրդավարության տարրերը, որոնք առկա էին երկրում, վերանում են: Ազգայնական, ծայրահեղական, իսլամական գաղափարներ ունեցողների ջրերը սկսել են կրկին նույն առվով հոսել»: Պատգամավորի համոզմամբ` Թուրքիայի իշխանություններն այսօր Եվրամիության մասին «շատ չեն մտածում»:
Նրա կարծիքով` Էրդողանի կառավարությունը սարսափում է քրդերի ազատագրական շարժումից Ռոջաբայում և Թուրքիայում: Ժողովրդավարության մասին բոլոր քննարկումներն արագ կերպով դադարեցվում են. «Եվրոպայի կողքին լինելու համար պետք է ժողովրդավարության առումով զարգացում ունենալ, իսկ լինել ժողովրդավար նշանակում է, որ օրինակ հայերը, քրդերը և թուրքերը պետք է հավասար լինեն: 100 տարի առաջ այս խնդիրը չլուծվեց, երբ հայերը ժողովրդավարություն և հավասարություն էին պահանջում, հիմա նույնը քրդերն են անում, իսկ Թուրքիան, դժբախտաբար, արձագանքում է նույն կերպ` սպանելով մարդկանց, ռմբակոծելով քաղաքներ»:
Հարցազրույցի ընթացքում հայազգի պատգամավորն անդրադարձավ նաև Պոլսո պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` Էրդողանին ուղղված ներողամտություն հայցող նամակին: Փայլանը սա որակում է որպես խայտառակություն. «Վստահ եմ, որ Թուրքիայում ապրող ոչ մի հայ Արամ սրբազանի նման չի մտածում, խայտառակություն էր բոլոր հայերի համար: Անգամ եթե ստիպված էիր գրել նման նամակ, կարող էր դիվանագիտորեն գրել, կարծում եմ ինչ-որ մեկը այդ նամակը դրել է սրբազանի առջև և ստիպել ստորագրել այն: Սակայն նույնիսկ այդ պարագայում` նա կարող էր և չստորագրել: 1970-ականներին, երբ հայերի համար դժվար ժամանակներ էին, Շնորհ սրբազան ունեինք, ով նման նամակ չի գրել» :
Փայլանն ասում է` ամեն օր, որպես պատգամավոր, փորձում է վերջ դնել Էրդողանի սպառնալիքիներին, որոնք հնչում են նախագահի յուրաքանչյուր խոսքի մեջ` ուղղված բոլոր ընդդիմադիրերին. «Ես և մի քանի այլ պատգամավորներ բռնության ենթարկվեցինք, որի պատվերը տվել էր ինքը` Էրդողանը: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանում 300 պատգամավոր ունի, որոնց հետ ես կարող եմ զրուցել, քննարկումներ ունենալ, բայց նրանցից 50-ը միայն Էրդողանից են պատվեր ստանում և մեզ վրա հարձակվելու պատվեր էին ստացել»:
Նորանշանակ վարչապետ Յլդիրիմին, Փայլանն անվանում է պալատական հրամաններ կատարող: Ասում է, որ երկիրը Էրդողանն ու բանակն են կառավարում: Պատգամավորների անձեռնմխելությունը վերացնելուց հետո Թուրքիայում օրենսդրական նախաձեռնություն են պատրաստում` բանակին անձեռնմխելիություն տալու համար, ինչը` ըստ պատգամավորի, նշանակելու է` «Սպանեք քրդերին, հանգիստ ռմբակոծեք քրդական քաղաքները և պատասխանատվության չեք ենթարկվի»: Ալիքի այն դիտարկմանը, արդյո՞ք այսօր Թուրքիայում հայերի և քրդերի շահերը համընկնում են, պատգամավորի պատասխանը միանշանակ է` այո, քանի որ պահանջները նույնն են, և հարցը միայն անցյալը չէ, այլ վերաբերում է նաև ապագային. «Ես ուզում եմ, որ Մալաթիայի, Դիարբեքիրի և մյուս բնակավայրերի հայերը Թուրքիա գան ոչ որպես զբոսաշրջիկ, որովհետև սա նաև նրանց հողն է: Քրդերն ասում են` Դիարբեքիրը Քրդստան է, ոչ, դա մեր ընդհանուր հողն է, Թուրքիան, Հայաստանը և Քրդստանը նույն տարածքում են»:
Պատգամավորն այն համոզմանն է, որ խաղաղ ապրելու հիմնական պայմանը խնդիրները Թուրքիայի ներսում լուծելն է` ազգայնականությունից ազատվելու նպատակով: «Պետք է փոխել հանրությանը, այլ ոչ թե կառավարությունը կամ Էրդողանին: Կարևորը հասարակությունների միջև երկխոսությունն է»: