«apsny» պարբերականի փոխանցմամբ` Վրաստանում հարյուրավոր երիտասարդներ Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացրել` թեթև թմրամիջոցների օգտագործումն ապաքրեականացնելու պահանջով:
«Մենք հավաքվել ենք` երկրում գործող թմրանյութերի քաղաքականության դեմ մեր բողոքն արտահայտելու: Մեր գլխավոր պահանջն այն է, որ թմրամիջոց օգտագործելու համար մարդկանց բանտ չնստեցնեն»,-լրագրողներին ասել է շարժման ներկայացուցիչներից մեկը: «Մի նստեցրու» անվամբ ակցիայի մասնակիցները, որոնց թվում 14 հասարակական կազմակերպություններ են, պահանջել են բոլոր տեսակի թմրանյութերի ձեռք բերման, օգտագործման, ինչպես նաև կանեփի տեսակների աճեցման համար խիստ պատժի մեղմացում, նաև մարիխուանայի լեգալացում:
Նախօրեին նմանօրինակ ակցիաներ են անցկացվել նաև երկրի այլ քաղաքների` Քութաիսիի, Բաթումիի, Ռուսթավիի քաղաքապետարանների դիմաց: Ավելի վաղ, ընդդիմադիր «Նոր քաղաքական կենտրոն կուսակցության» պատգամավոր Գոգա Խաչիձեն մարիխուանայի և կանեփի ապաքրեականացման և օգտագործման համար պատիժների մեղմացման օրեսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել , սակայն պատգամավորները իրենց գործընկերոջ գաղափարին դեմ էին քվեարկել: Ընթացիկ տարվա մարտին նույն կուսակցության ներկայացուցիչները Վրաստանի Սահմանադրական դատարան հայց էին ներկայացրել`մարիխուանայի համար ազատազրկում նախատեսող օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
Ըստ պաշտոնական տվյալների` Վրաստանում ամեն 10 հազար մարդուց 29-ը թմրամոլ է, նրանց շատ փոքր մասն է միայն բուժում անցնում` 11,5%-ը: Թմրամոլությունը երկրում տարածված է հատկապես 25-45 տարեկան տղամարդկանց շրջանում: Ամենատարածվածը մարիխուանա տեսակի թմրանյութն է, որն օգտագործում է թմրամոլների ավելի քան 63%-ը: Ըստ Վրաստանի ՔՕ-ի` մարիխուանա ձեռք բերելու, կամ տարածելու համար նախատեսվում է մինչև 11 տարվա ազատազրկում, իսկ օգտագործելու համար` մեկ տարվա ազատազրկում և տուգանք: