
Վրաստանի խորհրդարանի բյուրոյի որոշմամբ` թմրանյութերի դեմ պայքարի քաղաքականության մասին օրինագծի քննարկման վերջնաժամկետը 3 շաբաթով երկարաձգվել է:
«Հանձնաժողովներում թմրանյութային քաղաքականության մասին օրենքի նախագծի քննարկման վերջնաժամկետը ավարտվում է: Հարցի վերաբերյալ ստեղծված աշխատանքային խումբը ակտիվորեն խորհրդակցություններ է վարում գործադիր իշխանության և շահագրգիռ կողմերի հետ: Ցավոք, պարզվեց, որ հատկացված ժամանակահատվածը բավարար չէր: Բոլոր հետաքրքրված կողմերի հետ համաձայնել ենք և քննարկման վերջնաժամկետը երկարացրել 3 շաբաթով»,- հայտարարել է Խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Դավիթ Մաթիկաշվիլին:
Վերոնշյալ հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիայի խոսքով, իրավական հարցերով հանձնաժողովը սպասում է միջգերատեսչական հանձնաժողովի դիրքորոշմանը:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանում անցած տարվա հունիսին գրանցվել է «Թմրանյութային քաղաքականության ազգային հարթակ» նախաձեռնող խմբի հեղինակած օրինագիծը, որը ենթադրում է բոլոր տեսակի թմրանյութերի օգտագործման, այն փոքր քանակությամբ պահման ապաքրեականացում, ինչպես նաև վերականգնողական ծրագրերի զարգացում: