Թիֆլիսյան կոլորիտը Գերման Ավագյանի աչքերով

Շեյխ Հաջի Վագիֆ Ալեկբերովը ծնվել եւ բնակվում է Թբիլիսիի թերեւս ամենակոլորիտային թաղամասերից մեկում՝ Մեյդանում: Ազգությամբ ադրբեջանցի լինելով հանդերձ Հաջի Վագիֆը ազատ տիրապետում է հայերենին, ասում է՝ իրենց թաղամասում ազգությունը նշանակություն չունի.

Շեյխ Հաջի Վագիֆ Ալեկբերով ֆոտոնախագծի հերոս
Շեյխ Հաջի Վագիֆ Ալեկբերով
ֆոտոնախագծի հերոս

«Ես շատ ընկերներ ունեմ Մեյդանում, մեծացել եմ այնպիսի վայրում, որտեղ տեղակայված են հայկական եկեղեցի, մզկիթ, սինագոգ, Սիոնի… մեզ համար տարբերություն չկա, թե ով ինչ ազգության է, կարեւորը մարդկային հատկություններն են…..»

Ազգությամբ Հայ, վրացի, ադրբեջանցի, ռուս, հրեա…. Գերման Ավագյանի հերոսներն ընտրված են ըստ ազգության՝ թիֆլիսեցիների բազմազանությունն ու նմանությունն արտացոլելու նպատակով: Բազմազգ Թբիլիսիի կոլորիտը վիրահայ հանրությանը սեւ ու սպիտակ լուսանկարների միջոցով փոխանցեց «Թբիլիսիի դեմքերը» ֆոտոնախագծի հեղինակ, լուսանկարիչ Գերման Ավագյանը: Ցուցահանդեսը մեկնարկեց փետրվարի 2-ին “Black and white Gallery”-ում «Կովկասյան գործընկերություն կազմակերպության» նախաձեռնությամբ: Այս տարի սա կազմակերպության առաջին միջոցառումն էր.

Հովհաննես Մանուկյան «Կովկասյան համագործակցություն» կազմակերպության ղեկավար
Հովհաննես Մանուկյան
«Կովկասյան համագործակցություն» կազմակերպության ղեկավար

«2017-ի համար պլանավորել ենք մի շարք միջոցառումներ, առաջինը` Գերման Ավագյանի ցուցահանդեսն է, նրան Երեւանում եւ ինչպես տեսնում եք Թբիլիսիում էլ լավ են ճանաչում։ Հեղինակը փորձ է կատարել առանձին մարդկանց դեմքերով ցույց տալ Թբիլիսիում տարբեր ազգերի, մշակույթների ներկայացուցիչների դեմքը: Սա շատ հետաքրքիր գաղափար է եւ շատ լավ է ստացվել: Նման միջոցառումները շատ կարեւոր են մեր երկրների երկխոսության տեսակետից»։

Ֆոտոնախագծի հեղինակը աշխատանքի ընթացքում շփվել է լուսանկարների հերոսներից յուրաքանչյուրի հետ, ասում է՝ իրենցից շատ բան է սովորել:

Գերման Ավագյան  ֆոտոնախագծի հեղինակ
Գերման Ավագյան
ֆոտոնախագծի հեղինակ

«Հերոսներին պատահական եմ ընտրել, հետաքրքիրն այն է, որ ոչ ոք չէր մերժում ինձ… Լուսանկարներն արել եմ հին տեսախցիկով, դրան երկար ժամանակ է հարկավոր, երբ ժապավենը փոխում էի, շփվում էինք։ Հերոսներ կան, որոնցից շատ բան եմ սովորել կյանքի մասին, որ չէի լսի ոչ Երեւանում, ոչ Մոսկվայում, այդպես կարող էին խոսալ միայն Թբիլիսիում»։

Ցուցահանդեսին ներկա էին ինչպես նախագծի հերոսները, այնպես էլ Գերմանի ընկերները, որոնք դրական գնահատեցին Ավագյանի կատարած աշխատանքը.

Յուրի Մեչիտով լուսանկարիչ
Յուրի Մեչիտով լուսանկարիչ

«2007թ-ին Գերմանի հետ ուղեւորվեցինք Կարս, այդտեղ էլ սկիզբ առավ մեր ընկերությունը։ Նա Ամերիկայում էր, սակայն մենք միեւնույն է շփվում էինք, հիմա նա Երեւանում է, սակայն հաճախ է գալիս Թբիլիսի, շատ է սիրում մեր մայրաքաղաքը, երբեմն խինկալի ուտելիս նկարում ենք այն, ուղարկում Գերմանին՝ նա բարկանում է, որ մեզ հետ չէ…»  

Ռուբեն Ռուխկյան ֆոտոլրագրող
Ռուբեն Ռուխկյան ֆոտոլրագրող

«Ցուցահանդեսն ընդգծում է դեմքերը, շատ արտահայտիչ են ու մարդկային, այս դժվար ժամանակներում նման նախագծերը տեղին են: Նման ցուցահանդեսները հարստացնում են ֆոտո մշակույթը»:

 

Մայա Դաիսաձե  լուսանկարիչ
Մայա Դաիսաձե լուսանկարիչ

«Շատ ակտուալ են այս լուսանկարներն ամբողջ աշխարհում: Ամբողջ աշխարհը, Եվրոպան քարոզում է հանդուրժողականություն, սեր: Կարծում եմ Թբիլիսիում չկար թաղամաս, որտեղ չտիրապետեին բոլոր լեզուներին: Օտար աչքի համար սա ավելի անսովոր է, քան մեզ համար, քանզի մեզ համար սովորական է բազմազգ երկրում ապրելը, սրա հետ մեկտեղ բոլորը զարմանում են, թե կողք-կողքի ինչպիսի սիրով ենք կարողանում ապրել»:

Հյուրերը ցուցահանդեսը համարում են ստացված: Այն կշարունակվի մեկ շաբաթ:

Թողնել պատասխան