Վրաստանի Թեթրիծկղարո շրջանում «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության պատգամավորության թեկնածուն, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է ներքին գործերի նախարարության մեքենային: Այս մասին հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Վթարը տեղի է ունեցել այսօր ժամը 13:00-ին Թեթրիծկղարո քաղաքի Ճավճավաձեի փողոցում՝ ընտրատեղամասի մոտ:
«Մեքենան հետադարձ կատարելու ժամանակ բախվել է Վրաստանի ՆԳՆ-ին պատկանող ավտոմեքենային, որով երթևեկել են ՆԳՆ-ի գլխավոր վարչության աշխատակիցները: Հարկ է նշել, որ ՆԳՆ-ի գլխավոր վարչությունն իրականացնում է ընտրատեղամասերի տարածքում գտնվող ոստիկանական ուժերի մշտադիտարկում՝ ոստիկանության կողմից լիազորությունների չարաշահման դեպքերը կանխելու համար» — ասված է հայտարարության մեջ:
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ ՄԱՇ-ի ներկայացուցչի մեղքը հաստատվել է տեղում կատարված համապատասխան գործողությունների և վկաների հարցման հիման վրա: Պատգամավորի թեկնածուն տուգանվել է 250 լարիով (ավելի քան 100 դոլար):
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց մասնակցում է 22 կուսակցություն և 5 ընտրական դաշինք։