Անցնող շաբաթվա վերջին անցկացվեց հոկտեմբեր ամսվա թերևս ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Թբիլիսոբան՝ Թբիլիսիի տոնը: Այն մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը նշում են արդեն 37-րդ անգամ։ Միջոցառումները տեւեցին երկու օր՝ հոկտեմբերի 7-ին եւ 8-ին: Ավանդույթի համաձայն, այս տարի ևս հին Թիֆլիսում կենտրոնացված բեմերում հանդես էին գալիս վրաստանյան հայտնի երգիչներն ու խմբերը, տեղի էին ունենում սպորտային եւ մանկական մրցույթներ ու ներկայացումներ, վրացական պարերի դասընթացներ եւ ժողովրդական երգերի համերգներ:
Հավլաբար թաղամասում գտնվող Եվրոպայի հրապարակի Ռիղե այգում հյուրերը հնարավորություն ունեին միաժամանակ վայելելու վրացական երաժշտություն, խաղալ շախմատ կամ նարդի:
Տարածքում կազմակերպվել էին նաեւ վրացական գինու եւ մրգի փառատոններ: Թբիլիսոբային իրենց ներդրումն ունեին նաեւ մայրաքաղաքի քույր եւ գործընկեր մի շարք քաղաքներ, այդ թվում Հունաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Բելառուսի մի խումբ քաղաքներ, որոնք հանդես էին եկել տարբեր տաղավարներով՝ ներկայացնելով նաեւ իրենց քաղաքների ավանդույթները: Հատկանշական է, որ չնայած Երեւանը համարվում է Թբիլիսիի քույր քաղաք, այն չէր ներկայացրել իր տաղավարը։
Օրվա վերջում տեղի ունեցած գալա համերգի ընթացքում «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի» կոչմամբ պարգեւատրվեց 13 մարդ, այդ թվում ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հատուկ հանձնակատար Յոհաննես Հանը, թենիսիստ Ալեքսանդր Մետրեվելին, գրականագետ եւ լրագրող Թամազ Տղեմալաձեն, գիտնական Ռոման Շաքարիշվիլին, բժիշկ Գուլնարա Չափիձեն եւ այլք: