2016 թվականի ընթացքում Վրաստանը հյուրընկալել է ավելի քան 6,3 մլն այցելուի: Նրանցից շուրջ 2,7 մլն-ը Վրաստան է այցելել զբոսաշրջության նպատակով:
Փետրվարի 1-ին Վրաստանի զբոսաշրջության վարչության կողմից Թբիլիսիում ներկայացվեց երկրի զբոսաշրջության 2016 թվականի զեկույցը: Միջոցառմանը հրավիրված էին մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ: Ըստ երկրների Վրաստան այցելողների շարքում 1 մլն 523 հազար այցելուով առաջին տեղը զբաղեցնում է Ադրբեջանը, երկրորդը` Հայաստանը, 2016-ի ընթացքում Հայաստանից Վրաստան է այցելել 1 մլն 496 հազար մարդը: Այս շարքում երրորդ տեղում է Թուրքիան:
Վրաստանի զբոսաշրջության վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն նշեց, որ 2016-ը Վրաստանում տուրիզմի զարգացման տեսանկյունից ռեկորդային տարի էր.
«Զբոսաշրջիկների թվաքանակը առաջին անգամ Վրաստանի պատմության մեջ անցավ 6 մլն-ը: Ռեկորդային էր նաև այցելուների կողմից Վրաստանում ծախսված գումարը, որը գերազանցում էր 2 մլրդ ԱՄՆ դոլարը: Այսօր մասնավոր ոլորտի ուշադրությանը ներկայացրեցինք 2016-ին իրականացված ծրագրերը: Խոսեցինք նաև ապագայի ծրագրերի վերաբերյալ: 2017-ին կշարունակենք աշխատել նույն եռանդով, կմասնակցենք միջազգային ցուցահանդեսներին, կհրավիրենք արտասահմանյան մամուլի ներկայացուցիչների և կիրականացնենք այլ ծրագրեր»:
Չոգովաձեն մեզ հետ խոսեց նաև այս ոլորտում Հայաստանի կարևորության մասին.
«Մեր եղբայրական Հայաստանը շարունակում է մնալ Վրաստանի ամենաշատ այցելու ունեցող երկրների առաջին եռյակում: Հայաստանի կողմից հետաքրքրությունը ավելանում է ամռան ամիսների ընթացքում, սակայն Հայաստանից այցելուների հոսքը նկատվում է ամբողջ տարվա ընթացքում: Իհարկե, այս ամենը մեր կողմից ողջունելի է և մենք կանենք հնարավորին ամեն ինչ, Վրաստանը հայ զբոսաշրջիկի համար էլ ավելի ցանալի դարձնելու նպատակով»:
Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման փոխնախարար Քեթի Բոճորիշվիլին խոսեց տնտեսության տեսանկյունից զբոսաշրջության զարգացման կարևորության մասին.
«Ողջունելի է, որ մեր եկրում իրականացվում է զբոսաշրջիկների քանակի ավելացմանը նպաստող նպատակաուղղված ծրագրեր: Մեր առջև նպատակ ենք դրել 2025 թվականին ունենալ 11 մլն միջազգային այցելու: Զբոսաշրջությունը շատ կարևոր է, քանի որ յուրաքանչյուր զբոսաշրջիկի այցը իրենից ենթադրում է լրացուցիչ աշխատատեղ, լրացուցիչ գումար մեր ընտանեկան բյուջեում: Այս ոլորտում արդեն աշխատում են 200.000 քաղաքացի, ինչը բավականին լավ ցուցանիշ է»:
Հատկանշական է, որ 2016 թվականին ավելի քան 6,3 մլն այցելուից 1,3-ը Վրաստան են այցելել տարանցման նպատակով, 2,3 մլն-ը երկրում մնացել են 24 ժամից պակաս։ Ինչ վերաբերվում է 24 ժամից ավելի մնացած այցելուներին, որոնք ունեն զբոսաշրջիկի կարգավիճակ, նրանց թիվը գերազանցում է 2,7 մլն-ը: