
Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել է, որ չնայած լարիի արժեզրկմանը՝ հանրային տրանսպորտի վարձավճարների ավելացում չի նախատեսվում: Փոխքաղաքապետ Իրակլի Լեկվինաձեն ասել է, որ խոսք չի գնում միկորավտոբուսնների սակագների մասին, քանի որ ըստ երթուղիները սպասարկող ընկերության միջև գործող պայմանագրի՝ երթուղայինները պարտավոր չեն կառավարության հետ համաձայնեցնել երթևեկության սակագները: Այսօր մայրաքաղաքում երթուղային տաքսիներով երթևեկության արժեքն 80 թեթրի է, կարճ երթուղիներում՝ 40-50 թեթրի: 50 թեթրի է նաև մետրոյի սակագինը: Դեկտեմբերի սկզբին Ռուսթավի-Թբիլիսի երթուղու վճարը թանկացավ 20 թեթրիով՝ հասնելով 1.5 լարիի: Երթուղին սպասարկող կազմակերպությունը թանկացումը կապում է լարիի արժեզրկման հետ: Անցնող տարում լարին արժեզրկման ռեկորդային ցուցանիշ է գրանցել՝ հասնելով 2.80-ի: