Թբիլիսիի մետրոյի թվով 23-րդ՝ «Համալսարանական» կայարանը Սաբուրթալոյի գծում պաշտոնապես բացվել է: Վրաստանի իշխանությունները վստահ են՝ մետրոյի նոր կայարանի շնորհիվ հնարավոր կլինի բեռնաթափել մայրաքաղաքի փողոցները: «Մետրոյի կայարանը լիովին պատրաստ է շահագործման, բնակիչներն ու հյուրերը կարող են անվտանգ և հարմարավետ երթևեկել, սա տրանսպորտային հոսքի բեռնաթափման կարևորագույն ճանապարհներից մեկն է»,- վստահ է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեն:
Նոր կայարանի շինարարությունը 22 տարի առաջ կանգնեցվել էր: Աշխատանքները վերականգնվել էին 2015-ին: Ծրագիրն իրականացվել է Ասիայի զարգացման բանկի ֆինանսավորմամբ, արժեքը 83 միլոն լարի է:
Նորաբաց կայարանի մուտքերը Վաժա-Փշավելա պողոտայում և Սանդրո Էուլի փողոցներում են:
Թբիլիսիի մետրոն բացվել է 1966 թվականին՝ դառնալով թվով չորրորդը նախկին ԽՍՀՄ–ում, Մոսկովյան, Լենինգրադյան, Կիևյան մետրոներից հետո:
Թբիլիսիի մետրոպոլիտենը տեղակայված է երկու գծի վրա՝ Ախմեթելի-Վարկեթիլի և Սաբուրթալո: