Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ այցելել է «Ստամբա» նորաբաց հյուրանոց: Թբիլիսիի քաղաքապետի խոսքերով, այս նախագծի իրականացումը շատ կարևոր է, քանի որ հյուրանոցն իր ձևով և բովանդակությամբ քաղաքում լավագույններից մեկն է:
«Մեր մայրաքաղաքում կան շատ լավ հյուրանոցներ, բայց այսպիսի ճաշակով հյուրանոցը, իսկապես, ողջունելի է: Այս խմբի կողմից իրականացվող բոլոր ծրագրերն էլ հաջողված են: Ես կցանկանայի մայրաքաղաքում հնարավորինս շատ տեսնել նման ծրագրեր», — ասել է Կախա Կալաձեն:
Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, «Ստամբա» հյուրանոցը ներկայացնում է «Աջարիա Գրուպ» ապրանքանիշը: Հյուրանոցը գտնվում է խորհրդային շրջանի տպագրատան շենքում, Կոստավա փողոցի վրա, մետրոյի Ռուսթավելի կայարանի մոտ:
Այս փուլում հյուրանոցում 600 մարդ է աշխատում, սակայն նրանց թիվը կավելանա մինչև 750-ը, իսկ հյուրերին կծառայի 150 հյուրանոցային համար:
Հյուրանոցում գործում է նաև նույնանուն սրճարան, որտեղ հնարավոր է ճաշակել տեղացի ֆերմերների արտադրանքներից պատրաստված վրացական և եվրոպական ուտեստներ: Հյուրանոցում է նաև «Ավիատոն» խաղատունը, իսկ ամենավերևի հարկում՝ բացօթյա, թափանցիկ լողավազանը: