Կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալված Օթար Աբեսաձեին, ով Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակից է, այսօր մեղադրանք կներկայացնեն: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Աբեսաձեի փաստաբան Իրմա Ճակդուան:
Փաստաբանի խոսքով՝ Աբեսաձեն հոգեբանական սթրեսի մեջ է, վատառողջ, ինչի պատճառով նրա հետ երկար խոսել չի հաջողվել:
Նշենք, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն օրեր առաջ ձերբակալել էր Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակից Օթար Աբեսաձեին, ով մեղադրվում է 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, ինչը ենթադրում է 6-9 տարվա ազատազրկում:
Նշենք, որ Օթար Աբեսաձեն հանրությանը ճանաչելի դարձավ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նա նաև հայտնի էր, որպես տարբեր հեռուստաընկերություններում և հաղորդումներում «Վրացական երազանք»-ի շահերը պաշտպանող, ինչի հետևանքով ստացել է «Երազանքի տղա» մականունը: Աբեսաձեն նաև իշխող կուսակցության երիտասարդական թևի ղեկավարն է եղել: