Թբիլիսիի քաղաքային իշխանությունները աշխատում են մայրաքաղաքի Իսանի-Սամգորի թաղամասի Մոսկովյան պողոտան վերանվանելու ուղղությամբ: Այս մասին լրագրողներին փոխանցել է Թբիլիսիի սակրեբուլոյի (ավագանի) անվանումների եւ խորհրդանիշների հանձնաժողովի ղեկավար Թինաթին Նիբլոշվիլին՝ մեկնաբանելով ընդդիմության առաջարկը։
Տեղեկացնենք, որ «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը առաջարկ է արել պողոտան վերանվանել Ցխինվալիիում վերջերս մահացած Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի անվան։
«Վերանվանումը կապված է մի շարք ընթացակարգերի հետ, այդ թվում պետք է հաշվի առնել տեղի բնակչության կարծիքը: Հարցի բարդությունից ելնելով այսօր մենք ավելի ակտիվ ենք աշխատում»,-ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ չհստակեցնելով, թե պողոտան արդյոք կվերանվանվի Տատունաշվիլիի անվամբ։
Նա նշել է, որ 2008 թվականից ի վեր ռուսական ագրեսիայի զոհ են դարձել հազարավոր հերոսներ։
Հիշեցնենք, պողոտան Տատունաշվիլի անվան վերանվանելու հարցով Manifest.ge կայքում արդեն մեկնարկել է ստորագրահավաք: