Նախօրեին հրդեհվել է Թբիլիսիի ավտոպահեստամասերի և շինարարական նյութերի խոշոր շուկան Դիդուբե թաղամասի Էլիավա փողոցում: Հրդեհից վնասվածքներ է ստացել 4 մարդ՝ այդ թվում մեկ հրշեջ: Տուժած տղամարդկանից մեկը վնասվել է ապակու բեկորներով, նրան հիվանդանոց են տեղափոխել, ևս երկու տղամարդ հոսպիտալացվել են շոկային իրավիճակում, այժմ գտնվում են բժիշկների հսկողության տակ: Հրշեջը վնասել է շնչուղիները, նրան տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, հոսպիտալացման կարիք չի եղել: Հրդեհաշրջման աշխատանքներին խանգարել է հատկապես այն, որ այրվելիս են եղել հեշտությամբ բռնկվող պահեստամասեր՝ անվադողեր, ներկեր, այլ նյութեր: 21:30-ին բռնկված հրդեհը հնարավոր է եղել չեզոքացնել միայն գիշերը՝ ժամը 3-ին:
Դիդուբեի շրջանային ղեկավարությունն առավոտյան հանդիպել է տուժած վաճառականների հետ, նրանց ասվել է, որ կարող են շուկայի տարածք մտնել, տեսնել՝ ինչ վիճակում է ապրանքը: Նախօրեին դեպքի վայրում էին տեղի իշխանությունների, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչները: «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Զաալ Ուդումաշվիլին կասկածելի է որակել այն փաստը, որ վերջերս Թբիլիսիում սկսել են շուկաներ այրվել (հիշեցնենք ՝ այս տարվա հունվարին նման մի խոշոր հրդեհ էլ բռնկվել է Թբիլիսիի «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնում, որի հետևանքով հարյուրավոր առևտրականներ նյութական մեծ կորուստներ ունեցան):
Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում հերքել է որոշ լրատվամիջոցների տեղեկությունները՝ կապված նախօրեի հրդեհի հետ։ «Հրդեհի առաջացման պատճառն անհայտ է, և մեղադրանքները, թե հրշեջ-փրկարարական ջոկատները իբր ուշ են դեպքի վայր հասել, ջուր չեն ունեցել, կամ գիտակցաբար չեն մարել կրակը, սուտ են: Իրադարձությունների ֆոնին, երբ դեռևս չկան փորձագետների եզրակացությունները, որոշ քաղաքական ուժերի կողմից ուղիղ մեղադրանքներ են հնչել և զրպարտիչ հայտարարություններ, ինչը բացարձակ անտեղի է»,-ասված է քաղաքապետարանի հայտարարությունում: Քաղաքապետարանը բոլոր կողմերին հորդորել է՝ ողբերգությունը չօգտագործել հօգուտ քաղաքական նպատակների: